Sidebar

«Ինչպե՞ս են փոխանցվում սնկային հիվանդությունները». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

 

Մանե

Հարց: Ես 17 տարեկան եմ, ցայլքիս մոտ քոր է գալիս. դա ինչի՞ց կարող է լինել, հնարավո՞ր է հետագայում չհղիանամ: Օգնեք:

Պատասխան: Հարգելի Մանե, հարկավոր է զննվել մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, հանձնել որոշ անալիզներ: Այդ պարագայում հնարավոր կլինի ձեզ բացատրել, թե ինչն է հանդիսանում  ցայլքի շրջանում քորի պատճառ և կարո՞ղ է դա հանգեցնել չբերության, թե ոչ:

Ան

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Տղաս 9 ամսական է, հեմոգլոբինի տոկոսը 68 է: Խնդրում եմ, ասեք՝ դա նորմա՞լ է այդ հասակում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ես մանկաբույժ չեմ, իհարկե, սակայն կարող եմ ասել, որ 6 ամսականից 1 տարեկան երեխաների մոտ հեմոգլոբինի մակարդակը տատանվում է  100-140 գ/լի սահմաններում: Դիմեք Ձեր փոքրիկի  մանկաբույժին:

 

Նանե

Հարց: Բարև Ձեզ, ես  ամուսնացած եմ, առաջին սեռական ակտից հետո ինձ մոտ դեղնավուն, փոքր-ինչ տհաճ հոտով արտադրություն կա: Ոչ ես, ոչ ամուսինս վարակված չենք եղել, ոչ էլ ուրիշ զուգընկեր ենք ունեցել, հետևաբար բացառում եմ սեռավարակը: Սկզբում այդ արտադրությունը կապում էի կուսությունից զրկվելու և օրգանիզմիս նոր ֆիզիոլոգիական վիճակին հարմարվելու հետ, սակայն կուզեի Ձեր կարծիքն իմանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Նանե, արտաքին սեռական օրգաններից դեղնավուն, տհաճ հոտով արտադրությունը ֆիզիոլոգիական վիճակ չէ, այլ ախտաբանական վիճակ է: Հարկավոր է  դիմել գինեկոլոգի` զննման և հետազոտման նպատակով:

 

Լուսին

Հարց: Բարև Ձեզ, 2 ամիս է` ամուսնացած եմ: Դաշտանիս վերջին օրն էր` 26-ը. այսօր առավոտվանից սրտխառնոց ունեմ, շուտ հոգնում եմ և մեջքիս հատվածում ոչ միշտ, բայց ցավեր ունեմ: Տեստով չեմ ստուգելհնարավո՞ր է՝ հղի լինեմ: Դաշտանս պետք է ամսի 18-ին լինի: Խնդրում եմ` պատասխանեք:

Պատասխան: Հարգելի Լուսին, հղիության փաստի հաստատման համար հարկավոր է կիրառել հղիության թեստ, անցնել ուլտրաձայնային հետազոտություն կամ էլ որոշել խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ:

 

Մարիամ

Հարց: Բարև Ձեզ, ես 7 ամսական հղի եմ, բժիշկս ասում է, որ պտուղը 250 գրամ նորմայից ցածր քաշ ունի: Խնդրում եմ` ասեք, 7 ամսականում նորման որքա՞ն է: Պրենատալ վիտամին է նշանակել, որպեսզի երեխայի քաշն ավելանա: Խնդրում եմ, ասեք՝ խմե՞մ այդ դեղը, թե՞ ոչ:

Պատասխան: Հարգելի Մարիամ, հղիության 28 շաբաթական ժամկետում պտղի քաշը պետք է կազմի մոտ 1կգ:

Ձեզ հարկավոր է անցնել կրկնակի ուլտրաձայնային հետազոտություն որոշ ժամանակ անց, որպեսզի հասկանալի լինի՝ կա՞, արդյոք, պտղի ներարգանդային աճի դանդաղման խնդիր, թե ոչ: Իսկ դեղորայքի հետ կապված, ես իրավասու չեմ քննարկել այլ բժշկի նշանակումները:

 

Աստղիկ

Հարց: Բարև Ձեզ, իմ ապագա ամուսինը ծնվել է սրտի մի կլապանը պակաս, արդյո՞ք մենք խնդիր չենք ունենա ամուսնանալուց հետո, և երեխա ունենալու դեպքում` խնդրով չե՞ն ծնվի մեր երեխաները:

Պատասխան։ Հարգելի Աստղիկ, Ձեր ապագա ամուսնու առողջական վիճակը կախված է նրանից, թե կոնկրետ ինչ արատ է և ինչպես է այն կլինիկորեն  դրսևորվում։ Բնածին արատների պարագայում կա ժառանգաբար փոխանցվելու ռիսկ։

 

Ջուլի

Հարց: Բարև Ձեզ, արդյո՞ք թույլատրվում է ասեղային էպիլյացիան հղիության պլանավորման և հղիության ընթացքում:

Պատասխան: Ասեղային էպիլիացիան հակացուցված չէ  հղիության նորմալ ընթացքի դեպքում և հղիության պլանավորման ընթացքում: Սակայն այն շատ  ցավոտ պրոցեդուրա է: Հղիները  պետք է տվյալ պրոցեդուրան անցնեն կարճատև։

 

Լիանա

Հարց: Բարև Ձեզ, կներեք մի հարց ունեմ: Արդեն 4 ամիս է՝ ամուսնացել եմ և դեռ հղի չեմ: Դաշտանային ցիկլը նորմալ է` 28 օրը մեկ, և ամեն ամիս տեսնում եմ: Ինչի՞ց կարող է լինել, որ դեռ հղի չեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Լիանա, չբերության պատճառները բազմաթիվ են, և պարզելու համար հարկավոր է հետազոտվել։ Սակայն Ձեզ դեռ վաղ է անհանգստանալ։

 

Անուշ

Հարց: Բարև Ձեզ: Արդյո՞ք հղիներին կատարում են սեռավարակների` ՄԻԱՎ, ՁԻԱՀ և այլ անալիզներ: Շնորհակալություն:

Պատասխան։ Հարգելի Անուշ, եթե առկա է լինում ցուցում կամ հղիի ցանկության դեպքում մանկաբարձ-գինեկոլոգի կողմից նշանակվում են տվյալ հետազոտությունները։ Սակայն բնականոն ընթացքով հղիության վարման պարտադիր անցկացվող հետազոտությունների շարքում տվյալ հետազոտություններն ընդգրկված չեն։

 

Մարգարիտա

Հարց: ДРО տեսակի սունկը կարո՞ղ է փոխանցվել աղջկանից աղջկան, եթե ներքնազգեստը լվացվում է միասին: Կամ առհասարակ սնկի տարածման տարբերակները կարո՞ղ եք ասել: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Մարգարիտա, սնկային ինֆեկցիայի փոխանցման ճանապարհները հետևյալն են:

1. ալիմենտար-հազվադեպ է հանդիպում, երբ կանդիդա ցեղի սունկն ընկնում է սննդի հետ բերանի խոռոչ

2. օդա-փոշային

3. կոնտակտային

4. սեռական ճանապարհով

Կանդիդա ցեղի սնկերի որոշ տեսակներ կարող են մարդու օրգանիզմի լորձաթաղանթների վրա առկա լինել ծնված օրից և հանդիսանալ պայմանական պաթոգեն ֆլորա: Միայն իմունիտետի անկման դեպքում  է զարգանում  կանդիդոզ:

 

Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, ներեցեք մի հարց եմ ուզում տալ Ձեզ: Այսօր գնացել էի գինեկոլոգի մոտ, պարզվեց, որ ինձ մոտ գարդներելլա է, կասեք` դա ինչի՞ց կարող է առաջանալ, և հիմնականում ի՞նչ բուժում է պահանջում:

Պատասխան: Հարգելի Հասմիկ, Gardnerella vaginalis-ը հանդիսանում է կնոջ օրգանիզմի  նորմալ միկրոֆլորայի մշտական  ներկայացուցիչներից` իհարկե, ոչ մեծ քանակությամբ: Այն սկսում է ուժգնորեն բազմանալ հատկապես այն ժամանակ, երբ անբարենպաստ տարբեր գործոնների ազդեցությամբ խախտվում է հեշտոցի միկրոֆլորան, որը դրսևորվում է լակտոմանրէների քանակի քչացմամբ:

Անբարենպաստ գործոններ կարող են լինել հակաբիոտիկների կիրառումը, ոչ ճիշտ ձևով կոնտրացեպցիվ տարբեր միջոցների կիրառումը, սթրեսը, ոչ ռացինալ սնունդը, հորմոնալ խանգարումները, միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունները, խրոնիկ սոմատիկ հիվանդությունները, հաճախակի ներլվացումները, ոչ ճիշտ սպիտակեղենի կրումը և այլն: Բուժումը պետք է սկսել` պարզելով հիվանդության պատճառը և փորձել վերացնել այն: Հարկավոր է տեղային և ընդհանուր բուժում նաև նորմալ միկրոֆլորայի վերականգնում: