Ծննդաբերությունից հետո մազաթափությունը պետք է կանխել վիտամիններով

Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից 2-4 ամիս հետո նկատվում է մազաթափություն:

Գինեկոլոգ Նաիրա Վարդանյանի խոսքով` մազաթափության հիմնական պատճառը վիտամինների պակասն է. հղիության ընթացքում պտուղը մորից վերցնում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոէլեմենտներ, ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր:

«Ծննդաբերությունից հետո ունենում ենք մի օրգանիզմ, որում բացակայում են վերոնշյալ նյութերը, և մենք ինչքան էլ ծննդաբերած կնոջը նշանակենք ուժեղացված սննդակարգ, միևնույնն է,  այդ պակասը չի լրացվի, նա պետք է ընդունի նաև դեղորայք»,-բացատրում է Վարդանյանը:

 

Մազաթափության հաջորդ պատճառը, ըստ գինեկոլոգի, հորմոնալ շարժերն են: Դրանք իրենց գագաթնակետին են հասնում ծննդաբերման նախօրեին և ծննդաբերությունից հետո:

«Մազաթափությունը հնարավոր է կասեցնել, եթե ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կնոջ մոտ վերականգնվի սնունդը, ստանա մեծ քանակությամբ վիտամիններ, դեղորայք` պոլիվիտամիններ կամ առանձին-առանձին`կալցիումի հաբեր, երկաթ պարունակող հաբեր»,-ասում է գինեկոլոգը:

Հղիներից շատերը մազաթափության պատճառով երբեմն կտրում են երկար վարսերը` կարծելով, որ այդկերպ կկանխեն մազաթափությունը: Գինեկոլոգը, սակայն, խորհուրս է տալիս ոչ թե կտրել, այլ  կանխել:

«Ունեցել ենք հղիներ, երբ մազաթափության պատճառով կտրել են մազերը, ինչը համընկել է այն փուլի հետ, երբ օրգանիզմն արդեն վերականգնված է, և մազաթափությունը դադարել է: Դա է պատճառը, որ շատերը կարծում են,  թե կտրելը որևէ օգուտ կտա»-նշում է գինեկոլոգ Վարդանյանը:

 

 

Անի Ասատրյան