Վիրուսներ, որոնք վտանգում են հղիությունը

Բժիշկները զգուշացնում են` «մի թերագնահատեք վիրուսների հետեւանքները»: Նրանց խոսքով`հատկապես հղիների համար բոլոր վիրուսները վտանգավոր են` գրիպից մինչև հերպես և ցիտոմեգալովիրուս

Վերջինները կարող են     անգամ անպտղության պատճառ դառնալ: Ընդ որում, այդ վիրուսները գարող են ի հայտ գալ թե կանանց, թե տղամարդկանց մոտ: Իսկ հղիության ժամանակ այդ վիրուսները կարող են ճակատագրական լինել:

Հղիության ընթացքում վիրուսային պարտադիր հետազոտություններ կատարվում են այն ժամանակ, երբ հղիի մոտ  նկատվում է որևէ ախտանիշ, կամ երբ պտուղը սովորական աճից հետ է ընկնում:

«12 շաբաթական հղիություն ունեի, երբ հիվանդացա գրիպով: Սովորականի պես էր` բարձր ջերմություն, քթից արտադրություն,հազ: Կարգավիճակս հաշվի առնելով` դիմեցի տեղամասային բժշկին, նա էլ ուղարկեց սոնոգրաֆիայի և պարզվեց, որ երեխաս մահացած է»-պատմում է Իրինան:

N 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը ասում է, որ վիրուսները որևէ կոնկրետ արտահայտման ձև չունեն, կարող են  գրիպի տեսքով արտահայտվել, որի պատճառով   էլ հղիները  մտածում են, թե իրենց մոտ մրսածություն  է:

«Հղիության ընթացքում վիրուսի պատճառով պտուղը կարող է մահանալ արգանդի խոռոչում կամ զարգանալ` նյարդային և  սրտանոթային արատներով»,- նշում է Վարդանյանը` հատուկ նշելով, որ դրանք վիրուսների վատագույն հետեւանքներն են:

Նրա խոսքով` վիրուսներից  կարող են առաջանալ ֆունկցիոնալ շեղումներ`այսինքն` երեխաները ծնվեն առանց արատների, բայց ժամանակի ընթացքում նկատվի խլություն, կուրություն, մտավոր հետամնացություն, էպիլեպսիա:

Հղիությունը կանխող կամ պտղի զարգացումն ու աճը խոչընդոտող վիրուսներից են էկովիրուսը, հերպեսը` այսպես կոչված գենետալ հերպեսը, ցիտոմեգալովիրուսը:  Սրանցից յուրաքանչյուրն էլ շատ վտանգավոր է, քանի որ որոշերը դրսեւորմա կոնկրետ ձեւ չունեն:

«Հերպեսը տարածվում է միայն սեռական ճանապարհով, իսկ ցիտոմեգալովիրուսի  տարածումը կարող է լինել նաեւ օդակաթիլային: Շատ հաճախ ցիտոմեգալովիրուսը կոչում են նաև համբույրների վիրուս, քանի որ փոխանցվում է թքագեղձերի՝ թքի միջոցով»,- բացատրում է գինեկոլոգը:

Արգանդային վիրուսներից  գինեկոլոգը առանձնացնում  է նաև  պապիլոմա վիրուսը, բայց հստակեցնում,որ հղիության հետ ոչ մի կապ չունի: Այն ընդունված է կոչել որպես քաղցկեղի հարուցիչ. հանդես է գալիս որպես նախաքաղցկեղային, քաղցկեղային հիվանդություն՝ այսինքն` վտանգավոր է կնոջ օրգանիզմի նորմալ ֆունկցիայի համար:

Սովորական թվացող գրիպի դիմաց հղիության ընդհատմամբ հատուցած Իրինան, խորհուրդ է տալիս բոլոր հղիներին լինել շատ զգույշ, խուսափել ամեն տեսակի վիրուսային հիվանդություններից, հղիանալուց առաջ` հետազոտվել, իսկ հղիության ընթացքում էլ լինել առավելագույնս զգոն:

Անի Ասատրյան