Հղիության ընթացքում սեռական կյանքն օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու ֆիզիկական կապը: Հղիության ընթացքում կինը կարող է անգամ զգալի սեռական հակում ունենալ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ սկսում է սեռական հորմոնների գերարտադրություն: Հենց այդ հորմոններն են, որոնք կնոջ աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը:
Այդ շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը մեծանում է, ինչի հետևանքով սեռական հակումն ավելի է ընդգծվում: Կա կարծիք, որ արու զավակի սպասող կանայք վերապրում են սեռական բուռն ցանկություններ:
Որոշ տղամարդիկ խուսափում են սեռական հարաբերություններից, երբ կինը հղի է`վախենալով վնասել երեխային: Սակայն հարկ է նշել, որ սեռական ակտիվությունը հղիության չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է սահմանափակվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը:
Հղիության ժամանակ խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությամբ զբաղվել, երբ առկա է.
- հղիության ընդհատման ակտիվ վտանգ
- հեշտոցից արյունահոսություն
- վաղաժամ ծննդաբերության վտանգ
- պտղաջրի հոսք
- ընկերքի ցածր կամ ոչ ճիշտ դասավորություն
- բազմապտուղ հղիություն
- զուգընկերներից մեկի մոտ սեռավարակ:
Իսկ եթե հղիությունն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, ապա պետք է մոռանալ պտղին վնասելու մտահոգությունից: Ձեր փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Ավելին, սեռական հարաբերությունները դրականորեն են ազդում կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ավելի ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:
Այդուհանդերձ, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները պետք է ընթանան որոշակի դիրքային սահմանափակումներով:
Առավել հարմար է կողքի դիրքը: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը նստած է զուգընկերոջ ծնկներին` մեջքով դեպի նա: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին: Շատերին դուր է գալիս նաև չորեքթաթ դիրքը:
Իսկ ծննդաբերությունից անմիջապես առաջ խորհուրդ է տրվում զբաղվել սեքսով: Սպերմատոզոիդները պարունակում են այն հորմոնը, որը ներարկում են երկունքը խթանելու համար:
Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ`
Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան «Առողջ հղիություն»`
ըստ եվրոպացի և ամերիկացի հայտնի մասնագետների
բազմանուն գիտական հրատարակությունների