Երեք երեխաների հայր, «Երեխայի ծնվելուն սպասող հայրը. փաստեր», «Խորհուրդներ ապագա հայրերին» և հայրության թեմայով մի շարք այլ գրքերի հեղինակ Արմին Բրոթը ներկայացնում է, թե ինչ անակնկալների կարող են հանդիպել նորաթուխ հայրիկները:
Երեք երեխաների հայր, «Երեխայի ծնվելուն սպասող հայրը. փաստեր», «Խորհուրդներ ապագա հայրերին» և հայրության թեմայով մի շարք այլ գրքերի հեղինակ Արմին Բրոթը ներկայացնում է, թե ինչ անակնկալների կարող են հանդիպել նորաթուխ հայրիկները:
Բրոթը փաստում է ,որ փոքրիկի ծնվելուց կարճ ժամանակ անց գրեթե ամեն նորաթուխ հայրիկ «բախվում է» հանկարծահաս իրականությանը. նա հայրիկ է` նոր պարտավորություններով, նոր ակնկալիքներով: Սովորաբար այս գիտակցությունը տղամարդիկ ունենում են սիրելի կնոջն ու փոքրիկին հիվանդանոցից տուն տանելիս, ոմանք էլ`մի քանի օր անց միայն:
Խառնաշփոթ
Փոքրիկի կյանքի առաջին մի քանի ամիսներին հայրիկի մոտ միմյանց հակասող զգացողություններ են առաջանում. մի կողմից`ուժ և հպարտություն, որ կարողացել է նոր կյանք, նման հիասքանչ էակ ստեղծել, մյուս կողմից՝ անօգնականության զգացում, որ չի կարողանում բավարարել ու երբեմն անգամ հասկանալ իր փոքրիկի կարիքները:
Սիրո նոր, մի այլ տեսակ
Ձեր փոքրիկի հանդեպ տածած սերը մի նոր, սիրո բոլորովին այլ տեսակ է, որ մինչ այդ երբևէ չեք զգացել ու նման բան չեք զգում որևէ մեկ այլ անձի նկատմամբ:
Երկակիություն
Մի օր կարող եք նայել Ձեր փոքրիկին և զգալ, որ երեկվա կիրքն այսօր փոխարինվել է դատարկությամբ: Գիտե՞ք, արդյոք, այդ երեխային, հոգ տանու՞մ եք նրա մասին: Գուցե ցանկություն առաջանա թողնել ամեն ինչ ու նոր կյանք սկսել մի այլ տեղում: Վստահաբար հաջորդ ակնթարթին անտանելի մեղավոր կզգաք ձեզ: Այն, որ մշտապես ձեր փոքրիկին խելագարի պես չեք սիրում, չի նշանակում, որ վատ հայր եք: Երկակիությունը հայր լինելու բնականոն բաղադրիչ է, որը ձեզ կուղեկցի ողջ կյանքի ընթացքում:
Դեպրեսիա
Շատերը կարծում են, որ հետծննդաբերական դեպրեսիան միայն կանանց է բնորոշ: Այդպես չէ: Տղամարդիկ ևս երեխայի ծնվելուց հետո դեպրեսիայի մեջ են ընկնում: Ի տարբերություն Ձեր կնոջ, Ձեր դեպրեսիան հորմոնալ վիճակով չէ պայմանավորված, այլ իրողության ընկալմամբ: Երբ փոքրիկի ծննդյանն եք սպասում, կամ նա նոր է լույս աշխարհ եկել, բոլորի ուշադրության կենտրոնում եք: Բայց մի քանի շաբաթ անց վերադառնում եք առօրյա աշխատանքին, որին գումարվում են փոքրիկի լացով պայմանավորված գիշերային անքնությունը, տնային նոր պարտավորություններն ու հոգսերը:
Վախ
Փոքրիկի կյանքի առաջին ամիսները լեցուն են վախերով: Ձեզ շարունակ կարող է տանջել միտքը, որ չեք կարողանա արդարացնել հայր լինելու Ձեր ակնկալիքները, որ չեք կարողանա պաշտպանել Ձեր փոքրիկին կամ ընտանիքը, որ չեք կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել Ձեր ընտանիքի համար, որ չգիտեք, թե ինչպես վարվեք Ձեր փոքրիկի հետ, որ անդառնալի սխալ կարող եք թույլ տալ փոքրիկի դաստիարակության գործում: Այս ու բազմաթիվ այլ վախերը տղամարդու և ամուսնու կարգավիճակից հոր կարգավիճակին անցնելուն բնորոշ վախեր են: Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացեք:
Շարունակելի
Աղբյուրը`babycenter.com