Sidebar

Խնդի՞ր է շուրջ մեկ տարի ամուսնացած լինելն ու դեռևս երեխա չունենալը․ պարզաբանում է մասնագետը

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Բավականին հաճախ կանայք և տղամարդիկ անհանգստանում են, քանի որ մեկ տարվա համատեղ կյանքից հետո հղիություն այդպես էլ գրանցված չի լինում: Անպտղության մասին մտածելուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել՝ զույգն այդ մեկ տարվա ընթացքում ապրե՞լ է կանոնավոր սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ կիրառե՞լ է: Եթե նրանց սեռական կյանքն իրապես կրել է կանոնավոր բնույթ և որևէ բեղմնականխիչ մեթոդ չի օգտագործվել, ապա կարող ենք գործ ունենալ առաջնային անպտղության հետ։  Պետք  է դիմել բժշկի՝ պարզելու առկա՞ է տղամարդու կամ կանացի անպտղություն, թե՞  համակցված տեսակն է: Երկրորդային անպտղության պարագայում արդեն գրանցված հղիությունից հետո են առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները։

Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց։ Սա պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ, ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ է հանդիսանում, քրոնիկ հիվանդություններով (բորբոքային, սրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիայով (սակավաշարժություն), ավելորդ քաշով, ռադիացիայով:

Այս դեպքում, իհարկե, առավել արդյունավետ է պտղաբերության ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը:  Խոսքը վերաբերում է սեռահասուն տարիքի տղաների ու աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը ևս: