Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյանը:
Ի՞նչ է ներարգանդային սերմնավորումը:
Ներարգանդային սերմնավորումն այն գործընթացն է, երբ տղամարդու սերմը մշակվում է հատուկ նյութերով, անջատվում են մորֆոլոգիապես առողջ և ակտիվ սպերմատոզոիդները, սերմը ակտիվանում է, որից հետո ներարկվում է արգանդի խոռոչ:
Ու՞մ է ցուցված:
Ցուցված է սերմի որակի, քանակի կամ ակտիվության խնդիրներ ունեցող տղամարդկանց: Իհարկե, գոյություն ունի սահման, և դրանից ցածր լինելու դեպքում չենք կարող սերմնավորում կատարել, քանի որ այն պետք է ինքնուրույն բեղմնավորում առաջացնի:
Ներարգանդային սերմնավորում կատարվում է նաև այն դեպքում, երբ լինում է իմունոլոգիական խնդիր, և սպերմատոզոիդները չեն կարողանում անցնել կնոջ արգանդի վզիկի լորձով: Դա համարվում է անհամատեղելիություն: Այս դեպքում ևս սերմը մշակվում է, անջատվում են լավ սպերմատոզոիդները, ակտիվացվում, կատետրի միջոցով ներարկվում է արգանդի խոռոչ և ստանում ենք հղիություն: Նաև ցուցված է անհայտ պատճառով անպտղության դեպքում:
Ինչո՞վ է տարբերվում արտամարմնային բեղմնավորումից:
Դրանք տարբեր գործընթացներ են: Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ պունկցիայի միջոցով կնոջ ձվարաններից վերցնում ենք ձվաբջիջները, տղամարդուց` սպերմատոզոիդները, որոնք մշակվում են, անջատվում, և բեղմնավորումը կատարվում է դրսում` փորձանոթի մեջ: Սաղմերը 3-5 օր ինկուբատորի մեջ աճեցնելուց հետո տեղափոխում ենք կնոջ արգանդի խոռոչ:
Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել:
Գոյություն ունի կանոնակարգված հետազոտությունների ցանկ, որը պետք է անցնել արտամարմնային կամ ներարգանդային սերմնավորումից առաջ:
Հարկավոր է անցնել բազմաթիվ հետազոտություններ: Կնոջ օրգանիզմը պետք է լիովին պատրաստ լինի հղիությանը, որպեսզի այդ ընթացքում խնդիրներ չառաջանան:
Որքա՞ն է հղիանալու հավանականությունը:
Երիտասարդ զույգի մոտ հղիանալու հավանականությունը 30% է ներարգանդային սերմնավորմամբ, 3 ցիկլի ընթացքում, իսկ ԱՄԲ մեկ փորձի արդյունքում՝ մոտ 40-45%:
Անհաջող փորձից որքա՞ն ժամանակ հետո կարելի է նորից կրկնել:
Անհատական է: Մոտ 2-3 ամիս հետո կարելի է նորից կրկնել ԱՄԲ, իսկ ներարգանդային սերմնավորումը անընդմեջ 3-6 ամիս կարելի է կրկնել:
Ծնողները կարո՞ղ են սեռը որոշելու հարցում միջամտել:
ՀՀ օրենքն արգելում է, թեև ունենք սեռը որոշելու պայմաններ ԱՄԲ-ի ընթացքում: