Sidebar

Կարելի՞ է կոսմետիկ միջամտությունների դիմել հղիության ընթացքում - մաս 2

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Հղի կնոջ խնամքի վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել է «Հելիոս» բժշկական կենտրոնի էսթետիկ բաժնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ Լիլիթ Հարությունը:

Հղիության ժամանակ կոսմետիկ միջամտությունների իրականացումը կարո՞ղ է ռիսկային լինել: Կնշե՞ք մի քանիսը: 

Կոսմետիկ միջամտությունների իրականացումը հղիության ընթացքում կարող է վտանգավոր լինել: Պետք է  նախևառաջ գրագետ խնամել մաշկը՝ ապահովելով պաշտպանություն, սնուցում և խոնավացում։ Ցանկալի չէ կատարել ագրեսիվ միջամտություններ, անհրաժեշտ է իրականացնել միայն բնական խնամք, որը կտոնուսավորի մաշկը, կլիցքաթափի ու հաճելի կլինի ապագա մայրիկին։

Կանայք, աղջիկները հաճախ դիմում են այնպիսի կոսմետիկ միջամտությունների, ինչպիսիք են՝  ֆիլլեր ներարկումը, բոտոքսը, մաշկափոխանակությունը, պիլինգը, մեզոթերապիան:  Պետք է ընդհանուր պատկերացում ունենալ այս գործողությունների մասին  և ըմբռնել ռիսկայնությունը հղիների համար: Օրինակ՝ ֆիլլեր ներարկման միջոցով վերականգնում են դեմքի տարբեր հատվածների ծավալը, շտկում կնճիռներն ու անհարթությունները, ավելի արտահայտիչ դարձնում շուրթերը։  Այս միջամտություններն, իհարկե, լուծումներ են հարթ, երիտասարդ և ամենակարևորը՝ խնամված մաշկ ունենալու համար, բայց հակացուցված են հղիության ու կրծքով կերակրման ժամանակ: 

  

Մազերի և եղունգների խնամքի հարցում կա՞ն հակացուցումներ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի հղի կինը կոսմետիկա ընտրելիս:

Ինչպես մաշկը, այնպես էլ մազերն ու եղուգները պարտադիր պետք է խնամվեն հղիության ընթացում՝ առաջնորդվելով բնական նյութերի օգտագործմամբ: Պետք է խուսափել հաճախ իրականացվող գել-լաքերից, եղունգների ակրիլային երկարացումից, մազերը քիմիական պարունակությամբ նյութերով ներկելուց։ Այս հարցերով ապագա մայրիկներին առավել օգտակար կլինեն մաշկաբան-տրիխոլոգը և բժիշկ-պոդոլոգը։ Հղիության ընթացքում ցանկալի է ընտրել միայն բարձրորակ, անվտանգ և բնական կոսմետիկ միջոցներ, քանի որ մաշկի զգայունության բարձրացման հետևանքով կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ։

 

Ի՞նչ նախնական քայլեր պետք է ձեռնարկի ապագա մայրիկը առողջ մարմին և մաշկ ունենալու համար:

Շատ են կանայք, որոնք այցելության գալիս արդեն իսկ որոշակի տեղեկատվական պաշար ունեն ու ցանկանում են ճշտել՝ արդյո՞ք դա վնաս չի լինի պտղին, ի՞նչ արդյունավետություն կապահովի կոնկրետ իրենց մաշկի տեսակի համար և այլն: Առողջության և գեղեցկության վերաբերյալ տեղեկացվածությունն ամենից էականն է, սակայն ինֆորմացիայի առատության մեջ երբեմն հնարավոր է նաև շփոթվել: Ըստ այդմ՝ լավագույն լուծումը մասնագետի հետ խորհրդակցելն է։

Ապագա մայրիկները պետք է կենտրոնանան միայն իրենց հոգու և մարմնի ներդաշնակ զգացողության, խնամքի և ապագա բալիկին առողջ լույս աշխարհ բերելու վրա։ Թող միշտ հիշեն, որ անկախ հղիության հետևանքով առաջացած փոփոխություններից՝ նրանք ամենագեղեցիկն են, քանի որ լավագույն առաքելության կրողն են՝ նոր մարդու կյանք տվողը։ Դե իսկ ծննդաբերությունից հետո ցանկալի փոփոխությունն արդեն կարելի է իրականացնել միասին՝ նախապես ունենալով հանդիպում ու խորհրդատվություն:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան