Պատվաստումները վտա՞նգ են, թե՞ անհրաժեշտություն

Փոքրիկիս պատվաստումները

Ավելի հեշտ է  հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Ավելի հեշտ է  հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

 

Աշխարհում նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ  միջոցը պատվաստումներն են,  որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի:

Նախ փորձենք պարզաբանել, թե որքանով է պատվաստումների անհրաժեշտությունը  մեծ և ինչ կարող է սպառնալ դրանցից հրաժարվելու դեպքում:

Սովորաբար պատվաստումների անհրաժեշտությունը երեխաների շրջանում առաջանում է բավական  վաղ տարիքում: Մասնագետների դիտարկմամբ, ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ (6 ամսականից սկսած) երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը,  և կարիք է առաջանում հիվանդությունների հարուցիչների նկատմամբ անընկալություն  առաջացնելու նպատակով կատարել պատվաստումներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ  ամեն տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Տեսնենք, թե այս ուղղությամբ ինչպիսին է պատկերը Հայաստանում: Մեր երկրում վերջին տարիներին  բավականաչափ նվազել են մանկական  և մայրական մահացության ցուցանիշները: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն` մանկական մահացության ցուցանիշը վերջին երեք տարվա ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով: Այս նվազումը, ի դեպ, ուղեկցվել է  ինչպես երեխաների հիվանդանոցային, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցնում է, որ 1994-1995 թթ. դիֆթերիայի բռնկման դեպքերի և մահացության ցուցանիշների  համեմատ` պատվաստումների շնորհիվ իրավիճակը հանրապետությունում կայունացել է, և վերջին տասնամյակում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել: Եվ եթե նախկինում ամեն տարի արձանագրվում էր պոլիոմիելիտով հիվանդացության 5-10 դեպք, ապա 1995-ից առ այսօր անբուժելի համարվող այս հիվանդության տարածման դեպքեր ևս չեն գրանցվել: Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի տարածման ամենացածր ռիսկային երկիրը: Իսկ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ  ցածր է նաև դրանց վարակման հավանականությունը:

Վերջին   1-2 տարում արձանագրվել են կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք:, «Այժմ մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավական կայուն է, թեպետ ՌԴ-ի հայաշատ վայրերում կարմրուկի բռնկումներ կան, դա մեզ չի սպառնում ամենևին»,-  հուսադրում է  Գայանե Սահակյանը:

Հայաստանում տարիներ առաջ ներդրվել է նաև հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալետ պատվաստանյութը: Հանրապետությունում, 7 տարվա կտրվածքով, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում  մոտ 2,4 անգամ նվազել է մենինգիտով հիվանդացությունը: Հաշվի առնելով նաև աշխարհում տարածված ռոտովիրուսային վարակի ծանր ընթացքը`  2012-ից մեր երկրի առողջապահական ոլորտում ևս ներդրվել է վերոնշյալ վարակների դեմ պատվաստումը: Այդ վարակը սովորաբար ուղեկցվում է ջրազրկումով և համարվում է դիարեաների հիմնական պատճառ: Ինչպես նշում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մինչ պատվաստանյութի ներդրումը, ամեն տարի գրանցվում էր վարակների սեզոնային ավելացում և նույնիսկ, մինչև 5 տարեկան երեխաների 50-60 տոկոսի հոսպիտալացում: Իսկ, աշխարհում ամեն տարի ռոտավիրուսային վարակի (ՌՎ) պատճառով մահանում է 527,000 հազար մարդ, և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում են: Զարգացող երկրներում առաջին ՌՎ վարակը, որպես կանոն, ի հայտ է գալիս մինչև 6-9 տարեկան հասակում: Դեպքերի շուրջ 80 տոկոսը արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Պարզվել է նաև, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը առնվազն մեկ անգամ վարակվում է ռոտավիրուսով: Հայաստանում պատվաստանյութի ներդրման արդյունքում արդեն դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում:

Նախկինում մանկական ազգաբնակչության շրջանում  հաճախակի էին  նաև սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության դեպքերը, որոնք այսօր ևս կառավարելի են համապատասխան պատվաստանյութի ներդրման շնորհիվ: 1999-ից հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը նվազել են, իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում դրանցով հիվանդացության դեպքեր առհասարակ չեն գրանցվել

Սակայն խնդիրն այն է, որ որոշ ընտանիքներ հրաժարվում են նորածիններին պատվաստման ենթարկել` փաստարկելով, որ դրանք կարող են առողջության վատթարացման պատճառ դառնալ: ԱՆ-ի աշխատակիցները հստակ վիճակագրություն չունեն, թե նորածինների կամ ավելի ուշ տարիքի երեխաների քանի տոկոսն  է պարտադիր պատվաստման ենթարկվում: Ծնողների` պատվաստումներից հրաժարվելու ամենատարածված պատճառը հետպատվաստման բարդություններն են, որոնք կարող են ուղեկցվել տարբեր երևույթներով: Պատահում են դեպքեր, երբ երեխաները դժվար են հաղթահարում օրգանիզմում առաջացած սթրեսը: Որոշ ծնողների շրջանում կարծիք կա, որ պատվաստումները կարող են առաջացնել աուտիզմ կամ նպաստել իմունային համակարգի անկմանը: Բացի այդ, հաճախակի են շրջանառվում նաև լուրեր պատվաստանյութերի անհայտ ծագման կամ դրանց ժամկետանց լինելու վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով պատվաստումների խնդրահարույց կողմերը` փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ հենց ոլորտի պատասխանատուներից:

Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը վստահ հերքում է և ապատեղեկատվություն  համարում պատվաստանյութերի անորակ լինելու հանգամանքը: Նա հավաստիացնում է, որ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը գնվում են Բելգիայից, Ֆրանսիայից և Կանադայից: Ինչ վերաբերում է ժամկետայնությանը, ապա ներկրված խմբաքանակը նախատեսված է լինում միայն ընթացիկ տարում օգտագործելու համար ու չնայած 2-3 տարվա պիտանիությանը` մինչև տարեվերջ ամբողջությամբ սպառվում է: Տիկին Սարիբեկյանը վստահեցնում է, որ  մարդկանց անհանգստությունն այս կապակցությամբ անհարկի է, միաժամանակ հավելում, որ Հայաստան ներմուծվող պավաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից պարտադիր որակավորված սերթիֆիկատ:

Նշենք, որ  հետպատվաստման շրջանում օրինաչափ են այն երևույթները, որոնք ուղեկցվում են ներարկման հատվածում այտուցով, բարձր ջերմությամբ ու ցանով և տևում են 2-3 օր, այն էլ` ոչ միշտ: Իսկ շեղումներն անհատական բնույթ ունեն և կախված են տվյալ օրգանիզմի իմունային համակարգից: Հետպատվաստման շրջանում աուտիզմի  առաջացման և երեխաների իմունային համակարգի անկման հավանականությունը մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ևս բացառում է` փաստելով, որ այդ ուղղությամբ անցկացված  հետազոտությունները հերքել են հետպատվաստման շրջանում դեպքերի նման զարգացումը:

Հետպատվաստման շրջանում ամենածայրահեղ ելքը մահն է: Դժբախտաբար, բայց նման երկու միջադեպ մեզանում արձանագրվել է: Մասնագետները փաստում են, որ երեխաների մահացության պատճառները հետպատվաստման շրջանում ծագած բարդությունների հետ որևէ կապ չունեն և հրապարակված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեխաների մոտ այդ շրջանում կայծակնային արագությամբ զարգացած թոքաբորբ է  եղել` առանց որևէ դրսևորման: Առաջին երեխայի դեպքում այն վրա է հասել  հետպատվաստման շրջանի 7-8 րդ օրը, իսկ մյուսի մոտ` 3 օրվա  ընթացքում: «Ապացուցողական բժշկության մեջ նկարագրված չէ, որ պատվաստման շրջանում կարող է թոքաբորբ զարգանալ»,- վստահեցնում է մասնագետը:

Այսօր իսկապես հստակ վիճակագրություն չկա, թե պոտենցիալ պատվաստման ենթակա երեխաներից քանի տոկոսն է պատվաստման ենթարկվում: Կան պարզապես պաշտոնական թվեր, որոնց հավաստիությունը ապացուցված չէ: Գերատեսչության աշխատակիցները վստահեցնում են, որ պատվաստումներից հրաժարվողները հիմնականում աղանդավորական ընտանիքներն են և կազմում են  պատվաստման ենթակաների ընդամենը  1-2 տոկոսը: Նրանց մեկնաբանմամբ, լինում են նաև թերի պատվաստման դեպքեր, որոնք ընթացքում փոխլրացվում են: Ոլորտի ներկայացուցիչները հարկ են համարում նշել, որ թերի պատվաստման կամ դրանց միջև երկարատև ընդմիջումների պարագայում երեխաների մոտ կարող են  իմունիտետի ձևավորման խնդիրներ ծագել: Նրանք հորդորում են ժամանակին դիմել համաբուժարանների (պոլիկլինիկաներ) տարածքային տեղամասեր և հերթագրվել անհրաժեշտ պատվաստումներ ստանալու համար:  Դրանք, անշուշտ, անհրաժեշտ են բոլոր նորածիններին, քանի որ վարակներից ապահովագրվելու պարագայում է միայն հնարավոր ապահովել առողջ սերնդի հետագա զարգացումն ու բազմացումը:

Լ.Ն

Ankakh.com

Գովազդ