Խոզուկ  կամ Էպիդեմիկ պարոտիտ. հարուցիչները, ախտանշաններն ու բուժման եղանակը

Փոքրիկիս պատվաստումները

 Խոզուկը սուր վիրուսային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են հարականջային, հազվադեպ նաև ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերը։

Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլայն ճանապարհով, վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Նա վարակիչ է համարվում 17 օր (հիվանդության 9-րդ օրից մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը)։ 

Քթի, բերանի խոռոչի, ըմպանի լորձաթաղանթների միջոցով վիրուսը  թափանցում է արյան մեջ, տարածվում է ամբողջ օրգանիզմով։  Այն  անցնում է թքագեղձերի, ենթաստամոքսային գեղձի ու սեռական գեղձերի մեջ, որտեղ սկսում է բազմանալ։ 

Հիմնականում հիվանդանում են 2-15 տարեկան երեխաները։ Իսկ մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարոտիտով։

 

Հիվանդության ախտանիշերն են՝ բարձր ջերմությունը, ականջի շրջանում ցավը, հարականջային գեղձի մեծացումն ու գեղձի շուրջ այտուցի առաջացումը: Այտուցը կարող է տարածվել նաև  պարանոցի ու կրծքի վրա:

Գեղձային այտուցները սովորաբար վերանում են 6-9 օրվա ընթացքում։ Այտուցված գեղձերը անշարժ են, շոշափման ժամանակ` ցավոտ։

Հիվանդացության աճ է գրանցվում հատկապես ձմռանն ու գարնանը։

Հիվանդությունից հետո օրգանիզմում ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ։

Երկրորդ անգամ խոզուկով հիվանդանալու հավանականությունը շատ փոքր է։

 

ԼՕՌ Մարգարիտա Մկրտչյանի խոսքով՝ պարոտիտը հիմնականում բուժում են տնային պայմաններում, իսկ ծանր ու բարդացած դեպքերում հիվանդին տեղափոխում են հիվանդանոց։ 

«Էպիդեմիկ պարոտիտի բուժման հատուկ դեղամիջոցներ չկան։ Բարձր ջերմության դեպքում հիվանդին պետք է տալ ջերմիջեցնողներ։ Ծանր դեպքերում նշանակվում են  հորմոնային դեղամիջոցներ, այտուցը նվազեցնելու համար՝ հակահիստամինային դեղեր։ Այտուցվածությունը որոշ ժամանակ կարելի է մեղմել սառը թրջոցների միջոցով։ Էպիդեմիկ պարոտիտի բուժման համար հակաբիոտիկեր չեն կիրառվում, քանի որ այն վիրուսային հիվանդություն է», -ասում է բժշկուհին։ 

Նրա պնդմամբ՝ հիվանդի ապաքինման համար  կարևոր նշանակություն ունի  սննդային ճիշտ ռեժիմը։

«Հիվանդության սուր շրջանում սնունդը պետք է լինի տաք, դիետիկ, հեղուկ կամ տրորած վիճակում։ Այն պետք է պարունակի հնարավորինս շատ վիտամիններ ու օգտակար հանքանյութեր։ Քանի որ հիվանդության ընթացքում ախտահարվում են թքագեղձերը, խանգարվում է թքարտադրությունը, ուստի պետք է ուշադրություն դարձնել բերանի խոռոչի հիգիենային։ Պետք է կանոնավոր մաքրել ատամները, բերանի խոռոչը, հաճախ ջուր խմել, որպեսզի պահպանվի լորձաթաղանթի բնական խոնավությունը», -ասում է բժշկուհի Մկրտչյանը։

Հիվանդությունը կանխարգելելու հիմնական միջոցը՝ պատվաստումն է։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան

Գովազդ