Պատվաստումներ, որոնք կօգնեն խուսափել մի շարք հիվանդություններից

Փոքրիկիս պատվաստումները

Պատվաստում, որը պաշտպանում է երեխային հեպատիտ Բ-ից, դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից:

Նորածինները հեպատիտ Բ-ի դեմ պատվաստման առաջին դեղաչափը պետք է անպայման ստանան ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում։ Հուսալի պաշտպանության համար շատ կարևոր են հաջորդ դեղաչափերի կատարումը, որոնք երեխան ստանում է հնգավալենտ պատվաստանյութի տեսքով` 1,5 ամսականում /6 շաբաթականում/, 3 ամսականում /12 շաբաթականում և 4,5 ամսականում /18 շաբաթականում/։ Հնգավալենտ պատվաստանյութը պարունակում է հինգ բաղադրամաս։ Այն առաջացնում է անընկալություն հինգ հիվանդության` հեպատիտ Բ-ի, կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման և հեմոֆիլուսային Բ տեսակի վարակի նկատմամբ։ Դիֆթերիայի, կապույտ հազի և փայ­տացման նկատմամբ առաջացած իմունիտետը կայունանում է կրկնապատվաստումերով։ Առաջին կրկնապատվաստումը երեխան ստանում է 18 ամսականում։ Հաջորդ կրկնապատվաստումը կատարվում է արդեն ԱԴՓ -Մ պատվաստանյութով` 6 տարեկանում, որը չի պարունակում կապույտ հազի բաղադրամասը և հետագա 10 տարին մեկ` մինչև 60 տարեկանը։ ԱԴՓ -Մ պատվաստումների կատարումն ապահովում է կայուն անընկալություն չափազանց վտանգավոր վարակներ դիֆթերիայի և փայտացման դեմ։

 

Պատվաստում, որը պաշտպանում է երեխային պոլիոմիելիտից:

Երեխաները պոլիոմիելիտի դեմ 3 դեղաչափ ստանում են հնգավալենտ պատվատումերի հետ` նույն օրերին, որն ապահովում է երեխայի մոտ անընկալություն պոլիոմիելիտի նկատմամբ։ Հետագայում վերջինս ամրապնդվում է կրկնապատվաստումների միջոցով` 1,5 /18 ամսականում/ և 6 տարեկանում։ Միայն այս սխեմայի պահպանման դեպքում երեխան կունենա հուսալի և ապահով պաշտպանություն պոլիոմիելիտից։

 

Պատվաստում, որը պաշտպանում է երեխային ռոտավիրուսային վարակներից:

Ռոտավիրուսային պատվաստանյութը կաթեցվում է բերանի մեջ, ինչպես պոլիոմելիտի պատվաստանյութը։ Առաջին դեղաչափը երեխան ստանում է 6 շաբաթականում, իսկ երկրորդը՝ 12 շաբաթականում։ Ռոտարիքսի առաջին պատվաստումը չի կատարվում, եթե երեխան 15 շաբաթականից մեծ է, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո։ Ռոտավիրուսային պատվաստանյութերը կանխում են ծանր ռոտավիրուսային փորլուծությունները, որոնք պահանջում են հոսպիտալացում և առանց պատշաճ բուժման կարող են մահվան ելք ունենալ։ Սակայն ռոտավիրուսային պատվաստանյութերը չեն կանխարգելում այլ վիրուսների և մանրէների կողմից առաջացրած լուծերը։

 

Աղբյուրը՝ «Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին. այն ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիք» ձեռնարկ

 

Գովազդ