ՀՀ վարչապետը կոչ է անում պատվաստել երեխաներին

Փոքրիկիս պատվաստումները

Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերել պատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Օգոստոսին նախատեսվում է նոր խմբաքանակ ձեռք բերել, որը կլինի ամենաբարձր որակի պատվաստանյութը: Իմ երեխաներն` առանց բացառության, ստացել են բոլոր պատվաստումները: Փոքր երեխաներս դեռ շարունակելու են ստանալ: Դեպքեր եղել են, որ ջերմություն է բարձրացել, սակայն դա սովորական ռեակցիա է: Վստահ եղեք, որ իմ երեխաների համար հատուկ պատվաստանյութեր չեն ներկրվում: Պատվաստումներ նրանք ստացել են իմ վարչապետ լինելուց առաջ և դրանից հետո էլ նրանք կշարունակեն ստանալ նույն պատվաստումները, ինչ մնացած բոլոր երեխաները»,- նշեց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ երկրում առկա բոլոր պատվաստանյութերը բարձր որակի են:

«Ցավոք սրտի աշխարհի ցանկացած երկրում կա վիճակագրություն` կապված պատվաստանյութերի բարդությունների հետ: Դեպքերն, իհարկե, շատ ցավալի են, բայց, այնուամենայնիվ, կոչ եմ անում անհիմն տեղեկություններ չտարածել»,- ասաց վարչապետը՝ ևս մեկ անգամ կոչ անելով պատվաստել երեխաներին:

«Եթե կան դեպքեր, որոնք հնարավոր կլինի հիմնավորել, որ որևէ բժիշկ ինչ-որ բան այնպես չի արել, որի հետևանքով տուժել են երեխաները, ապա իրենք կզբաղվեն այդ հարցով»,-ասաց ՀՀ վարչապետը:

 

Գովազդ