Ի՞նչ է կապույտ հազը, ինչպե՞ս է առաջանում և բուժվում

Փոքրիկիս պատվաստումները

Կապույտ հազը բակտերիալ վարակ է, որով տարեկան 48.5 միլիոն մարդ է վարակվում: Վերջին տարիներին կապույտ հազով հիվանդացողների թիվը զգալիորեն մեծացել է նաև Հայաստանում:

Կապույտ հազը փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով, հիվանդի հետ անմիջական շփման միջոցով: Հիվանդանում են հիմնականում 1-5 տարեկան երեխաները, սակայն ավելի փոքր տարիքում հիվանդանալու հավանականությունը ևս բացառված չէ: Արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, հազով, բարձր ջերմությամբ: Աստիճանաբար հազը կարող է դառնալ նոպայաձև, որը ուժեղանում է երեկոյան և գիշերային ժամերին: Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել: Այստեղից էլ առաջացել է հիվանդության անվանումը: Հազի նոպայի ժամանակ կարող է առաջանալ արյունազեղում աչքերում, քթային արյունահոսություն, արյունազեղում իրանի վերին հատվածների և դեմքի վրա: Հազը ավարտվում է կպչուն խորխի արտազատումով:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի խոսքով՝ կապույտ հազով վարակվելու ռիսկային խմբում են այն երեխաները, ովքեր ժամանակին չեն ստանում անհրաժեշտ  պատվաստումը:

Կապույտ հազն ունենում է գաղտնի շրջան, որը միջինում 1 շաբաթ է տևում, նախանշանների շրջանը՝ 7-14 օր, սպազմատիկ շրջանը՝ 4-6 շաբաթ:

«Կապույտ հազը  առավել ծանր ընթացք է ունենում մինչև 1 տարեկան երեխաների մոտ: Հազի կրկնվող նոպաները  ուղեկցում են շնչառության կանգով, ցնցումներով, որոնք անկանոն բնույթ են կրում: Հատկապես չպատվաստված երեխաների մոտ բարդություններն ավելի շատ են»,-նշում է մանկաբույժը:

Ըստ ծանրության աստիճանի՝ կապույտ հազը բաժանվում է 3 տեսակի՝ թեթև, միջին ծանրության և ծանր: Թեթև տեսակի դեպքում օրվա  ընթացքում լինում է 5-15 հազային նոպա, միջին ծանրության դեպքում՝ 15-25 հազային նոպա, ծանրի դեպքում ՝25-35 և ավելի:

 

Բուժում

 

Հիվանդին մեկուսացնում են 30 օր: Ախտորոշումը տալիս է մանկաբույժը: Նախքան այդ կասկածների դեպքում կատարվում են համապատասխան հետազոտություններ՝ հաստատելու ախտորոշումը և համապատասխան բուժում նշանակելու համար: 

Տնային պայմաններում երեխային բուժելիս հարկավոր է՝ 

*  կազմակերպել զբոսանքներ մաքուր օդում

* երեխային տալ դյուրամարս և վիտամիններով հարուստ սնունդ

* օդափոխել և խոնավացնել սենյակի օդը

* հետևել, որպեսզի երեխան մեծ քանակությամբ հեղուկ օգտագործի

* բարձր ջերմության դեպքում տալ ջերմիջեցնողներ

* խորխաբերներ 

* հակաալերգիկ միջոցներ ( բացի դիմեդրոլից)

 

Կանխարգելում

 

Մինչև 7 տարեկան երեխաների համար, որոնք շփում են ունեցել հիվանդի հետ և նախկինում չեն ստացել պատվաստումներ, սահմանվում է 14-օրյա կարանտին։

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան

Գովազդ