Պատվաստում. ինչու՞ է որոշվել պատվաստումները սկսել շատ վաղ տարիքից և որտե՞ղ պետք է փնտրել անվստահության արմատները

Փոքրիկիս պատվաստումները

Ներկայացնում է առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

 

Աշխարհի ու նաև Հայաստանի բնակչության մեծ մասը  պատվաստումների նկատմամբ  այնքան էլ մեծ վստահություն չունի: Այս մասին են վկայում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից  մեր երկրում իրականացված  հետազոտությունները, որոնց արդյունքում պարզվել է, որ մարդկանց մեծ մասը, բացի նրանից, որ այնքան էլ դրական չի վերաբերվում պատվաստումներին, նաև սխալ պատկերացում ունի,  առհասարակ, իմունիզացիայի վերաբերյալ: Իսկ նման դիրքորոշումը բուժաշխատողների ոչ բավարար գիտելիքների ու բնակչությանը սխալ ուղղորդման հետևանք են։ 

 

Անվստահության արմատները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացրած հետազոտությունները նոր ուսումնասիրման անցկացման առիթ են հանդիսացել: Բնակչության շրջանում հարցումները ցույց են տվել, որ պատվաստումների վերաբերյալ բնակչության անվստահությունը պայմանավորված է մի քանի գործոնով.

  1. Բուժհաստատություններում բուժաշխատողների ոչ բավարար գիտելիքներ և սխալ պատկերացումներ իմունիզացիայի վերաբերյալ, բնակչությանը ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրում,
  2. Պատվաստանյութերով կանխարգելվող հիվանդությունների (դիֆթերիա, կարմրուկ, կապույտ հազ) դեպքերի բացակայության պատճառով բնակչության լայն զանգվածներ մոռանում են հիվանդության վտանգի մասին, հետևաբար չեն կարևորում պատվաստման անհրաժեշտությունը,
  3. Մեկ այլ հիվանդություն, որպես պատվաստման հետևանք համարելը,
  4. Հետպատվաստումային շրջանում առաջացած խնդիրներ։ 

 

Չկա՝ չի սպառնում. զգոնության պակաս 

Այսօր ստացիոնար հիվանդանոցային օղակների շատ բուժաշխատողներ համեմատաբար ավելի թերի պատկերացում ունեն իմունիզացիայի մասին, քան առաջնային օղակի բուժաշխատողները: Հարցումների արդյունքում պարզվել է, որ հատկապես նեղ մասնագետները (քիթ-կոկորդ, էնդոկրինոլոգ, նյարդաբան) պատվաստումների  մասին որոշակի գիտելիքների պակաս ունեն։ Պատճառն այն է, որ մինչև այժմ նրանք հնարավորություն չեն ունեցել այս թեմայի վերաբերյալ սեմինարների, տարբեր դասընթացների մասնակցել, իսկ կրթություն ստանալու տարիներին խորքային գիտելիքներ չեն ստացել: Ավելին՝ շատ  բուժաշխատողներ անգամ տեղյակ չեն  ինչ է պոլիոմիելիտը (մանկական ողնուղեղային պարալիչ):  Չիմանալով նմանատիպ հիվանդությունների մասին՝ կարծում են, որ  այն  մեզ չի սպառնում, հետևաբար կորցնում են զգոնությունը: Ավելի տարիքով և պատվաստումների ոլորտում մասնագիտացած բժիշկները, իհարկե, լավ գիտեն դրանց կարևորության մասին, սակայն բնակչությանը, առհասարակ, չեն ուղղորդում պատվաստում անելու հարցում։ 

 

Դիֆթերիայի անգամ մեկ դեպքը մեր երկրում անմիջապես տարածում կունենա

Դիֆթերիան վտանգավոր և մահացու հիվանդություն է, հատկապես, երբ հիվանդությունը զարգանում է օրգանիզմում և որևէ կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվում: Հայաստանում դիֆթերիայի վերջին դեպքը արձանագրվել է 2000 թ․: Բայց, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը լուրջ մտահոգություն ունի այս հիվանդության հետ կապված, քանի որ դիֆթերիայի անգամ մեկ դեպքը մեր երկրում անմիջապես տարածում կունենա:

1994 թ․, երբ մեր բնակչությանը սպառնում էր դիֆթերիայի տարածումը, մարդիկ սկսեցին մասսայաբար պատվաստվել, ինչի շնորհիվ հաջողվեց հիվանդության տարածման վտանգը կանխել։ Առավել փորձառու բուժաշխատողները, որոնք անձամբ  տեսել են այդ հիվանդության հետևանքները, գիտեն՝ ինչի կարող է այն հանգեցնել: Իսկ երիտասարդ բուժաշխատողները պատկերացում չունեն, քանի որ չեն տեսել: Նույնը կարելի է ասել կարմրուկի, կապույտ հազի և այն հիվանդությունների մասին, որոնք պատվաստման կանխարգելիչ միջոցառման կարիք ունեն: 

 

Կարմրուկ`բարձր վարակելիություն ունեցող հիվանդություն

Կարմրուկն այն հիվանդություններից է, որի դեմ ամենից շատ պատվաստումներ են գրանցվել: Պատվաստումների առաջին չափաբաժինը տրվում է 1 տարեկան երեխաներին, երկրորդ չափաբաժինը՝ վեց տարեկաններին: 2017 թ․-ից կարմրուկի տեղային փոխանցումներ մեր երկրում չկան, թեպետ յուրաքանչյուր տարիքային խմբի 4%-ը չի պատվաստվում: Տարիների ընթացքում այդ 4 %-ի  հանրագումարը «հրաշալի» միջավայր է ստեղծում՝ վիրուսի բազմացման համար: Իսկ կարմրուկը բարձր վարակելիություն ունեցող հիվանդությունն է:  Մեկ հիվանդը միջինում վարակում է մինչև 18 կոնտակտավորի:
Կարմրուկի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին։

 

Ինչու՞ են պատվաստումները սկսում շատ վաղ  տարիքում

Հաճախ մայրիկները մտածում են, որ կարիք չկա երեխային պատվաստել կամ ցանկալի չէ պատվաստել այդքան վաղ տարիքում։ Սակայն կա գիտականորեն հիմնավորված պատասխան՝ ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ինչու է նախընտրելի դա անել վաղ տարիքում։ Սկսենք նրանից, որ փոքրիկը հիվանդությունների դեմ հակամարմինները ստանում է մայրիկից, այսինքն` լույս աշխարհ է գալիս այդ հակամարմիններով։ Բայց դրանց ազդեցությունը նրա օրգանիզմում պահպանվում է կարճ՝ երկու ամսականից սկսած իմունիտետը գնալով նվազում է: Դրանից հետո, եթե երեխան չի պատվաստվում, խոցելի է դառնում վարակելիության առումով: 

Հենց այդ փաստը հիմք ընդունելով` պատվաստումներն արվում են վաղ տարիքում, ընդ որում` ժամկետը որոշելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ավելի ուշ սկսվում է ատամների ծկթման շրջանը, որը հաճախ ծնողների շրջանում մտահոգություն է առաջացնում և դժվարանում են ժամանակին պատվաստել երեխաներին:

Բացի դրանից, քանի որ յուրաքանչյուր դեղաչափի համար տրված է 1,5 ամիս ինտերվալ և դեղաչափը երեխային մինչև 6 ամսականը տրվում է ոչ թե մեկ անգամ, այլ 3, գործընթացը հարկավոր է սկսել ավելի վաղ: Փորձը ցույց է տալիս, որ ինչքան շուտ է սկսվում երեխաների պատվաստման գործընթացը, այնքան ավելի լավ է նրանց օրգանիզմն ընդունում պատվաստումները:

 

 

Գովազդ