ՀՀ ԱՆ-ը հորդորում է 0-5 տարեկան երեխաներին պատվաստել գրիպի դեմ

Փոքրիկիս պատվաստումները

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

Հունվարի 17-ի դրությամբ՝ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել:

Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը՝ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացեք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,

- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

 

Գովազդ