Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պատվաստվել

Փոքրիկիս պատվաստումները

Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: Լրագրողների հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Վերջինս նաև ընդգծեց, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը բարձրանում է, ինչի համար էլ ճիշտ կլինի այս կամ այն երկրում հանգիստ կազմակերպելիս հաշվի առնել հիվանդությունների տարածման հարցը:

Գայանե Սահակյանի խոսքով՝ ներկայում ռիսկային են եվրոպական երկրները՝ կապված կարմրուկի տարածման հետ. «Առանձնացվում են Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան»:

Սահակյանը մեջբերեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, համաձայն որոնց՝ 53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա: Ընդամենը վեց երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չկա, դրանց թվում Հայաստանն է:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, բոլոր 6 տարածաշրջաններում դիտվում է կարմրուկի տարածվածության աճ: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճը կազմել է 300 տոկոս»,-ասաց Սահակյանը:

 

Գովազդ