Աշխարհում կարմրուկի դեպքերը 3 անգամ ավելացել են․ Հայաստանում ԿԿԽ դեմ պատվաստվածների թիվը 32%-ով նվազել է. Hetq.am

Փոքրիկիս պատվաստումները

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2019թ․ առաջին կիսամյակում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին 13 տարիներին սա կարմրուկի ամենաբարձր ցուցանիշն է։

2015-2019թթ․ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 59 դեպք, սակայն բոլորն էլ՝ բերովի․ կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 32 %-ով նվազել է կարմրուկի դեմ պատվաստվածների թիվը։

Կարմրուկի դեմ պատվաստումն արվում է երկու անգամ․ մեկ անգամ 1 տարեկանում և հաջորդը՝ 6 տարեկանում։ Հայաստանում պատվաստումներ անելը պարտադիր չէ․ կա միայն Կառավարության որոշում, որով հաստատված է պատվաստումային ժամանակացույցը։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում ծնողը պետք է դիմում գրի։

1-6 տարեկան երեխաներին պատվաստելու համար պետությունը տարեկան 80 000 – 100 000 ԿԿԽ պատվաստանյութ է գնում։ Սակայն տարեցտարի Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստում ստացողների թիվը նվազում է։ Մասնավորապես, 2015-2018թթ տվյալներով՝ պատվաստում ստացածների թիվը 32 %-ով նվազել է․ եթե օրինակ, 2015թ․ին պատվաստվել է 113 559 մարդ, ապա 2018թ-ին՝ 78099 մարդ։

«Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ մարդիկ քիչ են պատվաստվում․

«Մեզ մոտ կա պատվաստումների նվազման միտում, տարեցտարի այդ միտումը մեծանում է։ Եթե ժամանակին մենք խոսում էինք կարմրուկի դեմ առաջին և երկրորդ դեղաչափով պատվաստումների մասին,  97-98 % տոկոսը պատվաստվում էին, ապա այսօր այդ ցուցանիշը, չնայած ամենալավն է մնացած պատվատումների մեջ, բայց իջել է՝ 95-96 %,-ասում է Գ․ Սահակյանը։- Նվազման միտում ընդամենը 2 % ունենք, բայց, հաշվի առնելով, որ խոսքը գնում է կարմրուկի մասին, թեկուզ մեկ տոկոս նվազումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կարմրուկն ամենավարակիչ ինֆեկցիան է, և այդ թեկուզ 1 %-ն արդեն որոշ խմբի համար կարող է շատ զգալի ազդեցություն ունենալ»։

Որպես նվազման հիմնական պատճառ՝ Գայանես Սահակյանը նշում է լայն տարածում ստացած հակապատվաստումային շարժումը․

«Առաջին հերթին, պատվաստումների դեմ արշավն է։ Այսինքն՝ ապատեղեկատվությունը, տարբեր տեսակի ասեկոսեները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, նման ինֆորմացիայի տարածումը բնակչության մեջ առաջացնում է կասկած, մտահոգություններ, և այն մարդը, որն իր մեծ երեխաներին պատվաստել է, փոքրերին արդեն զգուշորեն է մոտենում՝ պատվաստե՞լ, թե՞ ոչ»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ