Ի՞նչ է ռոտավիրուսը, ինչու՞ է երեխան հիվանդանում նաև պատվաստումից հետո և ինչպե՞ս պետք է բուժել. պարզաբանում են մասնագետները

Փոքրիկիս պատվաստումները

Ի՞նչ է ռոտավիրուսը, որո՞նք են ռոտավիրուսով վարակված լինելու նշանները և ինչու՞ են երեխաներն ունենում ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ ռոտավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները փորձել ենք գտնել՝ զրուցելով համապատասխան մասնագետների հետ։

Ըստ «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի մանկաբույժ Լուսինե Ավետյանի՝ ռոտավիրուսը աղեստամոքսային համակարգի վիրուսային ինֆեկցիա է: Մինչև 2 տարեկան երեխաների գաստրոէնտերիտային (ստամոքսաաղիքաբորբ) հիվանդությունները հիմնականում այս վիրուսի հետևանք են: Այդ պատճառով որոշվել է պատվաստում կատարել հենց այս վիրուսի դեմ:  

Ռոտավիրուսով վարակված լինելու նշաններն են՝ ջերմությունը, փսխումը, ջրիկ կղանքը, հնարավոր է նաև, որ երեխան ունենա շնչառական խնդիրներ՝ հազ, քթային հոսք: Ջրիկ կղանքի պատճառով էլ սկսվում է ջրազրկում, ինչն էլ տանում է ընդհանուր թուլության։ 

«Ե՛վ առաջին, և՛ երկրորդ անգամ ռոտավիրուսով հիվանդանալու դեպքում ախտորոշման ձևը նույնն է՝ կղանքում վիրուսի անտիգենների որոշում՝ իմունոֆերմենտային կամ լատեքս ագլյուտինացիայի մեթոդով: Բուժումը սիմպտոմատիկ է. անհրաժեշտ է բավարար չափով հեղուկների ընդունում՝ ջրազրկումից խուսափելու համար, ինչպես նաև ցինկի պրեպարատի օգտագործում: Հիվանդության ախտանիշները սովորաբար 7 օր են պահպանվում: Երեխան ունենում է հոսպիտալացման կարիք, եթե չի կարողանում անհրաժեշտ քանակի հեղուկներ ընդունել, ինչը առաջացնում է ջրազրկման ռիսկ»,-ասում է մանկաբույժը:

Մասնագետների խոսքով՝ ռոտավիրուսը 20-ից ավելի տեսակներ ունի, Հայաստանում պատվաստումը կատարվում է ամենից հաճախ հանդիպող տեսակի դեմ: «Հնարավոր է՝ երեխան պատվաստվի մի տեսակի դեմ, սակայն հետո հիվանդանա մյուս տեսակի ռոտավիրուսով, ուստի այս կրկնությունը համարվում է նորմալ: Կան նաև իմունադեֆիցիտ ունեցող երեխաներ, որոնց մոտ ռոտավիրուսով վարակվելը ավելի ծանր ընթացք է ստանում»,-նշում է մանկաբույժը:

Ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի՝ «պատվաստումը ոչ թե 100%-անոց պաշտպանում է վիրուսից, այլ օգնում է, որ երեխայի մոտ հիվանդության ծանր ձևը չառաջանա»:

Ռոտավիրուսային պատվաստումները Հայաստանում կատարվում են 2012 թվականից։ «Նախքան ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը մինչև 5 տարեկան երեխաների՝ աղիքային հիվանդություններով պայմանավորված հոսպիտալացումների թիվն ավելի մեծ է եղել: Այդ դեպքերի 50%-ի պատճառը հենց ռոտավիրուսն էր: Պատվաստումների ներդրումից հետո այս թիվը 5-6 անգամ նվազել է: Եթե նույնիսկ երեխան հիվանդանում է, նրա մոտ հիվանդությունը շատ ավելի թեթև է ընթանում, և հոսպիտալացման կարիք չի լինում»,-նշում է Գրիգորյանը:

Անդրադառնալով ռոտավիրուսային պատվաստանյութին՝ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ Հայաստանում օգտագործվում է բելգիական արտադրության ռոտարիքս պատվաստանյութը՝ երկնվագ սխեմայով. «Պատվաստումը մինչև 1 տարեկան երեխաների համար է: Ավելի հստակ՝ երեխան ստանում է դեղաչափը 6 շաբաթականում և 12 շաբաթականում: Կան ժամկետային սահմանափակումներ․ եթե երեխան առաջին դեղաչափը ինչ-ինչ պատճառներով չի ստացել մինչև 15 շաբաթականը, ապա նա այլևս ենթակա չէ պատվաստման, իսկ երկրորդ դեղաչափի համար սահմանված ժամկետը 32 շաբաթականն է»:

Ի դեպ, ռոտավիրուսով վարակվում են նաև մեծահասակները, սակայն այս դեպքում հիվանդությունը ծանր ընթացք չի ունենում: Մանկաբույժների պնդմամբ՝ ռոտավիրուսը  վտանգավոր է հենց վաղ հասակի երեխաների համար, ահա թե ինչու է կարևոր վիրուսի դեմ ճիշտ ժամանակին պատվաստումը:

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

 

 

Գովազդ