Վարակիչ շնչառական հիվանդությունները ակտիվացել են. Առողջապահության նախարարությունը հորդորում է զգոն լինել. armtimes.am

Փոքրիկիս պատվաստումները

Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում, սակայն այն բավականին զիջում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերին:

Վերջին օրերին օդի ջերմաստիճանը բավականին նվազել է, իսկ շնչառական վարակները, ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի, ուղղակիորեն փոխկապակցված են եղանակային պայմանների հետ: «Եթե հաշվի առնենք, որ դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, հետեւաբար ե´ւ ցուրտը, ե´ւ դպրոցների բացվելը, ուսումնական հաստատություններում ակտիվ շփումները «նպաստավոր» պայմաններն են ստեղծում տարածման համար»,- նշեց Լիանա Թորոսյանը:

Համեմատելով նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի տվյալների հետ՝ կարող ենք ասել, որ դեպքերը նվազել են: Ամբողջ հանրապետությունում անցյալ շաբաթ արձանագրվել է սուր շնչառական վարակների 1174 դեպք՝ նախորդ տարվա 1649 դեպքի եւ 2017 թվականի 1554 դեպքի փոխարեն: Եթե սա վերածում ենք ցուցանիշների (հաշվարկը կատարվում է 100.000 բնակչի թվով), ապա անցած շաբաթվա 39.5 ցուցանիշը նախորդ տարվա միեւնույն շաբաթվա 55.1 ցուցանիշի փոխարեն է:

Հանրապետությունում՝ սկսած ապրիլ ամսից մինչ օրս, ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, գրիպի հարուցիչ չի արձանագրվել: Մասնագետի խոսքով՝ ներկայումս շրջանառվում  են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Այսինքն՝ գործ ունենք վիրուսների հետ: Կարող են լինել դեպքեր՝ պայմանավորված վիրուսներով, որոշներն էլ՝ եղանակային պայմաններով, մրսածությամբ:

Քանի որ շնչառական վարակների սեզոնը մոտենում է, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետը հորդորում է զգոն լինել եւ հետամուտ լինել հնչեցված հորդորներին:

«Առաջին հերթին պետք է հագնվել եղանակային պայմաններին համահունչ, որպեսզի մրսածության գործոնով վարակների առաջացումը եւ տարածումը հնարավորության սահմաններում կարողանանք կանխարգելել: Օգտագործենք առատ հեղուկներ, եթե ունենք հիվանդներ շրջապատում, ապա փորձենք չշփվել նրանց հետ՝ գոնե 2 մետր հեռավորությունը պահպանելով: Եթե հիվանդ եք, մնացեք տանը, բուժվեք, նոր գնացեք»,- շեշտեց Լիանա Թորոսյանը՝ խոսքն ուղղելով մասնավորապես դպրոցներին, մանկապարտեզներին, որպեսզի հնարավորության սահմաններում չթույլատրեն հիվանդներին հաճախել կրթական հաստատություններ, որովհետեւ նրանք իրենց վիճակը այդպես կվատացնեն եւ վիրուսի պայմաններում կլինեն վարակի աղբյուր:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ