Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է․ ովքեր կարող են և որտեղ պետք է պատվաստվել

Փոքրիկիս պատվաստումները

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ:

Այս օրերին բոլորը հետևում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Կորոնավիրուսով պայմանավորված՝ հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է:

Չնայած նրան, որ ներկայում հանրության ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը, կարծես, մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։

Հիշեցնենք, որ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում՝ առաջնահերթություն տալով ռիսկային խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

Մեկ անգամ ևս հորդորում ենք` եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք:

Գովազդ