Ի՞նչ է իրենից ներկայացնում բժշկական դիմակը, որտեղի՞ց է հնարավոր ձեռք բերել ճիշտ կարված տարբերակը և ինչպե՞ս պետք է կրել այն․ պարզաբանում է մասնագետը

Փոքրիկիս պատվաստումները

Իմ փոքրիկ-ը զրուցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Նոնա Եղոյանի հետ։

- Նախ՝ ի՞նչ է դիմակը։ 

- Բժշկական դիմակը կրողի քիթը և բերանը փակող բժշկական պարագա է, որը պաշտպանում է կրողին օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներից՝ հանդիսանալով մեխանիկական արգելք: 

 

- Ինչի՞ց է այն պատրաստված։ 

- Ժամանակակից դիմակները հիմնականում պատրաստված են ոչ հյուսված նյութերից, որի մեջտեղում գտնվում է ֆիլտրող շերտը։ 

 

- Ինչպե՞ս պետք է ճիշտ կրել դիմակը։ 

- Բժշկական դիմակը կրելու հստակ ցուցումներ և կանոններ, իհարկե, կան, որոնք չպահպանելու դեպքում այն ոչ միայն չի պաշտպանի վարակից, այլ նաև կարող է վնասել՝ հանդիսանալով վարակի աղբյուր։ Քանի որ վիրուսը կարող է թափանցել նաև քթըմպանից, ուստի կրելու դեպքում անիմաստ է այն կրել քթից ներքև կամ պարանոցի վրա։ Կարելի է դիմակը օգտագործել երկու կողմով էլ, բայց այնպես, որ քթին ամրանալու հատվածը ավելի սեղմված լինի։ 

 

- Կորոնավիրուսից պաշտպանվելու համար նպատակահարմա՞ր է դիմակ օգտագործել։ 

- Շատ կարևոր է իմանալ, որ ակտուալ դարձած կորոնավիրուսի ժամանակ մեզ հայտնի բժշկական դիմակը կրելու կարիք չկա, քանի որ վիրուսի տրամագիծը ավելի փոքր է, քան դիմակի պաշտպանիչ շերտի անցքերը։ Առավել վտանգավոր է, երբ դիմակները կրում ենք շատ երկար, դիմակը պետք է փոխել 2 ժամը մեկ և օգտագործելուց հետո չպետք է դեն նետել որտեղ պատահի։ Պետք է նետել փակ տարաների մեջ, քանի որ փողոցում կամ բաց տարածություն նետելը ավելի է բարդացնում խնդիրը։ Մարդիկ դիմում են հեշտ տարբերակին՝ կրում են դիմակը ամբողջ օրը՝ մտածելով, որ չեն հիվանդանա։ Բացի այդ, մնացած բոլոր գործողությունները ևս, որոնք ավելի ժամանակատար են, պետք է պարտաճանաչ անել։ Եվ ավելի լավ է առաջնահերթ կատարվեն մյուս գործողությունները (հաճախ լվացվել, սպիրտային հիմքով գելերով ախտահանել ձեռքերը)։ Ի դեպ, շատերը կարծում են, թե կարող են շարֆ օգտագործել դիմակի փոխարեն և կլինի նույն էֆեկտը, սակայն դա այդպես չէ։ 

 

- Ճի՞շտ է արդյոք այն թեզը, որ դիմակ պետք է կրի միայն վարակակիրը։ 

-Այո՛, որպես կանոն՝ դիմակ պետք է կրեն վարակակիրները, ինչպես նաև բուժանձնակազմի անդամները, որոնք շփվում են վարակակիրների հետ, այլ ոչ թե բոլորը։ 

 

-Երեխաների դեպքում կա՞ կրելու ձևի տարբերություն։

- Դիմակ կրելու կամ չկրելու սկզբունքները երեխաների և մեծահասակների դեպքում նույնն են։ 

 

- Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել ճիշտ կարված դիմակներ։

- Այժմ կան միջազգային ստանդարտներին համապատասխանող ռեսպերատոր դիմակներ՝ N95 և FFP 3 անվանումով (գոյություն ունեն նաև FFP 1 և FFP 2 դիմակներ, որոնց պաշտպանելիությունը ավելի քիչ է), որոնք նախատեսված են հիվանդների և հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմի համար։ Ուստի դեղատներում կարիք չկա փնտրել դիմակներ ու մտածել, որ կանխարգելիչ միջոցառումերից կարևորն արդեն արել եք։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ