Դպրոցահասակ երեխաների ծնողները բողոքում են, որ աշակերտական պայուսակները շատ ծանր են: Միջին դասարաններում երեխաներն ամեն օր դպրոց են տանում 6-7  առարկաների համար նախատեսված գիրք ու տետր, գրիչ ու մատիտ, որին գումարվում են հարակից պարագաները՝ նկարչական ալբոմ, քարտեզ ու բառարան, ինչպես նաեւ մեկ շիշ ջուրն ու պայուսակի քաշը, եւ ստացվում է մոտ 10 կգ:

Ուսումնական նոր տարին սկսված է: Ժամեր առաջ ղողանջեցին դպրոցական զանգերը՝ ազդարարելով նախակրթարանների սաների մուտքը՝ նոր կյանք: Այսօր մոտ 40 000 երեխա հրաժեշտ է տվել մանկությանն ու ոտք դրել դպրոց: Նրանք 12 տարի անցկացնելու են աշակերտական նստարանին ու իրենց ձեռք բերած գիտելիքով փորձելու են նոր երկիր կառուցել:

Մանկության 6 տարիները թվում են մի ամբողջ կյանք, բայց արի ու տես, որ աչքդ թարթում ես, եւ թոթովախոս, հազիվ ոտքերի վրա կանգնող մանկիկը պայուասակի մեջ դասավորում է գրքերն ու տետրերը եւ շտապում դպրոց: Կրթօջախ, որտեղից սկսվում է կյանքի կարեւորագույն փուլերից մեկը: