Ինչպե՞ս երեխային կտրել սոցիալական ցանցերից. մասնագիտական խորհուրդներ

UNICEF-ը զրուցել է թվային ծնողավարության մասնագետ, դոկտոր Ժակլին Նեսիի հետ։

Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ հաղթահարելու խնդիրը։ 

Ժակլին Նեսի․ Ես ծնողներին կառաջարկեի երեք քայլ։

Առաջինը և ամենակարևորը հաղորդակցությունն է։

Հարցեր տվեք երեխային։ Փորձեք հետաքրքրությամբ հասկանալ՝ ինչու է նա այդքան շատ ժամանակ անցկացնում սոցիալական ցանցերում։

Խոսեք նաև այն մասին, որ հավելվածների որոշ մեխանիզմներ հատուկ ստեղծված են այնպես, որ հարթակից դուրս գալը դժվար լինի։

Փորձեք այս խոսակցությունները վարել առանց դատելու կամ մեղադրելու՝ նպատակ ունենալով ավելի լավ հասկանալ երեխային և բացատրել ձեր մտահոգությունները։

Երկրորդ քայլը սահմաններ դնելն է։

Սահմանները փորձեք որոշել երեխայի հետ միասին։ Օրինակ՝ որքան ժամանակ է ընդունելի անցկացնել սոցիալական ցանցերում, ինչպիսի զբաղմունքների է դա խանգարում, օրվա որ ժամերին կամ որ վայրերում սոցիալական ցանցերն օգտագործել չի կարելի։

Եվ վերջապես՝ փորձեք օրինակ լինել երեխայի համար։

Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս եք օգտագործում սոցիալական ցանցերը։

Մենք գիտենք, որ ծնողների տեխնոլոգիական սովորույթները նույնպես ազդում են երեխաների սովորույթների վրա։ Այդ պատճառով շատ կարևոր է սեփական վարքով ցույց տալ այն, ինչ ցանկանում ենք տեսնել մեր երեխաների մոտ։

Ընտանեկան ի՞նչ կանոններ կարող են օգնել ձևավորել առողջ թվային սովորություններ

Ժակլին Նեսի․ Կանոնները կարող են շատ կարևոր լինել։ Բայց մինչև դրանք սահմանելը, խորհուրդ կտայի ծնողներին մտածել իրենց ընտանիքի արժեքների մասին։

  • Ի՞նչն է ձեզ համար կարևոր։
  • Ինչպիսի՞ մթնոլորտ եք ցանկանում ստեղծել տանը։
  • Ի՞նչ զբաղմունքներ եք ցանկանում առաջնահերթ դարձնել երեխայի կյանքում։

Այս հարցերի պատասխանները կարող են օգնել նաև սոցիալական մեդիայի վերաբերյալ որոշումներ ընդունել։

Այնուհետև կարևոր է մտածել երեխայի հետ հարաբերությունների մասին։ Կանոններն առավել արդյունավետ են, երբ հիմնված են առողջ և համագործակցային հաղորդակցության վրա։

Երբ մենք երեխային բացատրում ենք, թե ինչու ենք այս կամ այն սահմանը դնում, և երբ նա զգում է, որ իր կարծիքը նույնպես հաշվի է առնվում, կանոններն ավելի լավ են աշխատում։

Դրանից հետո կարելի է պայմանավորվել մի քանի ուղղություններով՝

  • սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի մասին,
  • օրվա այն ժամերի մասին, երբ դրանք չպետք է օգտագործվեն,
  • այն մասին, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի հրապարակել,
  • ինչ տեսակի բովանդակությունից արժե խուսափել,
  • և ում հետ կարելի է շփվել առցանց։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, որոնց երեխաները դեռ չեն սկսել օգտվել սոցիալական ցանցերից

Ժակլին Նեսի․ Ընդհանուր առմամբ խորհուրդ կտայի հնարավորության դեպքում հետաձգել երեխայի մուտքը սոցիալական ցանցեր։

Երբ երեխան արդեն սկսում է օգտվել դրանցից, ցանկալի է դա անել աստիճանաբար և հստակ սահմաններով։

Բայց երեխայի առցանց անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը չպետք է միայն ծնողի վրա լինի։

Այսօր ծնողները բավական բարդ իրավիճակում են․ մենք ունենք բազմաթիվ թվային գործիքներ, սակայն դեռ չունենք բավարար պաշտպանական մեխանիզմներ, որոնք կապահովեն դրանց անվտանգ և առողջ կիրառությունը երեխաների ու դեռահասների համար։

Պատկերացրեք՝ մենք ունենք ավտոմեքենաներ, երեխաներն արդեն վարում են դրանք, բայց դեռ չունենք անվտանգության գոտիներ, վարորդական ուսուցում, մանկական նստատեղեր և մյուս անհրաժեշտ պաշտպանական միջոցները։

Այդ տեխնոլոգիաները ստեղծող ընկերությունները, ինչպես նաև դրանց գործունեությունը կարգավորող կառույցները նույնպես պատասխանատվություն ունեն՝ թվային միջավայրը ծնողների համար ավելի կառավարելի, իսկ երեխաների համար՝ ավելի անվտանգ դարձնելու համար։

Աղբյուրը՝ UNICEF