Մանկական ժամանցի ինտելեկտուալ այլընտրանք. ի՞նչ է առաջարկում Թումանյանի տուն-թանգարանը եւ ի՞նչ էին կազմակերպել 31-րդ դպրոցի սաները

Փոքրիկիս դպրոցը

«Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս». Ձախորդ փանոսի հեքիաթն այսուհետեւ ոչ միայն հնարավոր է կարդալ կամ լսել, այլեւ դիտել: Հնարավորությունն ընձեռում է հայկական ժողովրդական հեքիաթների ամենահայտնի հեղինակի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

«Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս». Ձախորդ փանոսի հեքիաթն այսուհետեւ ոչ միայն հնարավոր է կարդալ կամ լսել, այլեւ դիտել: Հնարավորությունն ընձեռում է հայկական ժողովրդական հեքիաթների ամենահայտնի հեղինակի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Հեքիաթը մատուցվում է եռաչափ անիմացիոն տարբերակով, որը կարող են դիտել թանգարանի բոլոր այցելուները: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի տեղեկացմամբ՝  թանգարանն ունի գործող թատերախումբ` «Ռոտոնդա»-ն, որի ղեկավար Մարինե Ասատրյանը պարբերաբար ներկայացումներ է բեմադրում՝ կապված թանգարանի կամ Թումանյանի համար կարևոր, հիշարժան տարեթվերի կապված:

 

«Նոր տարին է շատ հետաքրքիր անցկացվում. «Ռոտոնդա»-ի ներկայացումներով և թանգարանի կողմից նվերներով գնում ենք հիվանդանոցներ և այնտեղի երեխաների համար ներկայացումներ ցուցադրում, հանձնում նվերները»,-ասում է թանգարանի ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանը:

Արդեն յոթերորդ տարին է` թանգարանն իրականացնում է «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը, որի սկզբնական փուլը լինում է մարզերում՝ գյուղերում ու քաղաքներում, որտեղ էլ ընտրում են լավագույն հեքիաթասացներին: Հետո  բոլորին հավաքում են Երեւանում, եւ  թանգարանի մատույցներում տեղի է ունենում եռօրյա մեծ միջոցառում: Առաջին երկու օրը մասնակիցները պատմում են իրենց հեքիաթները, իսկ երրորդ օրը տեղի է ունենում մրցանակաբաշխություն:

Թանգարանում հաճախ նաեւ նկարչական, դիզայներական թեքումով արվեստի դպրոցներն իրենց ցուցադրություններն են կազմակերպում, որոնք դիտում են նաեւ այցելուները:

Թումանյանը մեկ տասնյակի հասնող ինտելեկտուալ խաղերի հեղինակ է նաեւ: Թանգարանը մրցույթ-ծրագրեր է անցկացնում նաեւ այդ խաղերի շուրջ:

Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ թանգարանը բաց է նաեւ դպրոցների սաների առջեւ, ովքեր ցանկանում են իրենց թումանյանական գիտելիքը միջոցառման տեսքով մատուցել.  թանգարանի դահլիճը սիրով տրամադրվում է նրանց:


31-րդ դպրոցի սաները՝  Թումանյանի տուն-թանգարանում


Այդպիսի մի միջոցառում էլ կազմակերպել էր 31-րդ հիմնական դպրոցի 3 Բ դասարանը: Նախքան հանդեսի մեկնարկը երեխաները մասնակցեցին թանգարանային էքսկուրսիային:  Շրջելով թանգարանի վեց սրահներով` ծանոթացան 18 000-ից ավելի նմուշներին, Թումանյանի անձնական բացառիկ գրադարանին` բաղկացած մոտ 8.000 գրքերից:

Երեխաներին առավել տպավորել և հուզել էին դեպի թանգարան տանող 54 աստիճանավանդակների (մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է) վրա դրված կոշիկները.  բացօթյա ցուցադրությունը նվիրված էր այն փոքրիկներին, որոնց «փոքրիկ, վիրավոր ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին ու ընկան՝ այդպես էլ չփարվելով Ամենայն որբերի հայրիկ Հովհաննես Թումանյանին»:

«Մենք տարվա մեջ անդրադարձ ենք ունենում գրեթե բոլոր նշանավոր դեմքերին ու դեպքերին, պետական տոներին: Նման միջոցառումներն ամրապնդում են ոչ միայն ուսուցանվող նյութը, այլև զարգացնում գեղագիտական դաստիարակությունը, մյուս ունակությունները` արվեստի,  խոսքի, երաժշտության մեջ»,-ասում է 31-րդ դպրոցի տնօրեն Նաիրա Հակոբյանը:

Երեխաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված հանդեսին, որի ժամանակ հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները` երգերի, քառյակների տեսքով, մեծերի խոսքը Թումանյանի մասին, Թումանյանի մտքերը:

Ստեղծագործություններից առանձնացվել էին հատկապես բալլադները, որոնք ներկայացվեցին մյուզիքլի տեսքով: Դրանց թվում էին «Անիծված հարսը» և «Շունն ու կատուն»:

3Բ դասարանի դասվար Կարինե Մարգարյանի կարծիքով` միջոցառումն ինքնատիպ էր նրանով, որ Թումանյանին նվիրված միջոցառումն անցկացվում էր հենց բանաստեղծի թանգարանում.  այստեղ երեխաները մոտ էին Թումանյանին, զգացվում էր նրա շունչն ու ոգին.

«Նպատակն այն է, որ երեխաները, մի փոքրիկ մասնիկ վերցնելով և իրենցը դարձնելով,  դաստիարակվեն  թումանյանական ոգով»,-ասում է Կարինե Մարգարյանը:

Միջոցառման ավարտին իր խոսքն ու գոհունակությունը հայտնեց նաեւ դպրոցի տնօրենը՝ Նաիրա Հակոբյանը` ծնողներին հորդորելով գնահատել ուսուցչի կատարած աշխատանքը:

{gallery}Handes{/gallery}

 

Հեղինակ՝  Սոնա Հարությունյան

«Իմ փոքրիկ»-ի լրագրող