Ո՞ր տարիքում, ի՞նչ փաստաթղթերով և ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվում  ընդունելությունը դպրոց

Փոքրիկիս դպրոցը

 

Հարցերին պատասխանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

 

Ո՞ր տարիքից են ընդունում դպրոց

 

Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է:

Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

 

Տարիքից շուտ կամ ուշ բերելու դեպքում լինու՞մ են, արդյոք, մերժումներ

 

Համաձայն Հանրակրթության մասին ՀՀ օրենքի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի՝ սովորողների ընդունելությունն ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ դպրոց ընդունելու համար (նշել ժամկետները` ե՞րբ և ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր ներկայացնել)

 

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

 

1) դիմում` ուղղված տնօրենին,

 

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

 

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

 

4) 2 լուսանկար՝ 3x4 չափսի,

 

5)վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար։

 

Երեխային դպրոցից հանելու և այլ դպրոց ընդունելու ընթացակարգը ո՞րն է

 

Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.

 

1)ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

 

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի՝ վերադարձած սովորողի դասարանը, նաև սահմանված ժամկետից ուշ սովորողի հանրակրթության մեջ ընդգրելը կատարվում է վերոհիշյալ կարգի պահանջներին համապատասխան:

 

Բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներառված են հետևյալ փաստաթղթերում.

 

1.ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին»

 

2.«Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգ / ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման/ ։