Առողջապահության նախարարությունից դասապրոցեսը դադարեցնելու առաջարկ չկա. Նարինե Հովհաննիսյան

Փոքրիկիս դպրոցը

«Վիրուսային սեզոնի հետ կապված դասապրոցեսը դադարեցնելու առաջարկությունը մեզ պետք է անի առողջապահության նախարարությունը, միշտ այդպես է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Մենք միայն գրություն ենք ստացել, որտեղ մեզ խնդրում են աջակցել, որ մանկավարժներն ու առողջապահության մասնագետները աշխատեն մասին, կատարեն ստուգումներ ու համաճարակային մոնիթորինգ: Հիմա բոլոր դպրոցներն ընդգրկված են այդ ստուգումների մեջ և անհրաժեշտության դեպքում երեխաները տուն են ուղարկվում: Ուրիշ առաջարկներ այս պահին չունենք»:

Դիտարկմանը, որ բացակայություններն այնուամենայնիվ շատ են, երեխաները ծրագրային առումով հետ են մնում, և գուցե՞ ԿԳՆ-ը դիմի առողջապահության նախարարությանը՝ դասապրոցեսը դադարեցնելու առաջարկով, Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Դժվարանում եմ հիմա այդ հարցին պատասխանել: Դպրոցներում շատ տարբեր են բացակայությունները, մեկում քիչ է, մյուսում՝ շատ: Ես տնօրեններին ասել եմ՝ իրենց տեսադաշտում պահեն այն երեխաներին, որոնք տանն են և լրացուցիչ աշխատեն նրանց հետ՝ դասապրոցեսի մեջ պահելու համար: Իսկ համաճարակի դեպքում մեկ շաբաթով դասերից ազատումը չի լուծում խնդիրը, համաճարակ լինի, պետք է երեխաները երկար ժամկետով մնան տանը»:

Աղբյուրը՝ Panorama.am