Ինչպե՞ս երեխայի մոտ սեր արթնացնել դեպի ուսումը

Փոքրիկիս դպրոցը

Բոլոր ծնողներն էլ շատ են ցանկանում, որ իրենց երեխան լավ սովորի, բայց, որքան էլ տարօրինակ է, դրա համար նրանք ոչինչ չեն անում:

Եթե երեխան չի ցանկանում սովորել, պետք չէ մեղադրել ո՛չ երեխային,  ո՛չ էլ ուսուցչին, այլ անհրաժեշտ է որոշակի մեթոդներ կիրառել՝ երեխայի մոտ սովորելու նկատմամբ սեր արթնացնելու համար:

Սովորել չցանկանալու խնդիրն առաջանում է, երբ երեխան շատ է ծանրաբեռնված լինում: Գուցե նա շատ խմբակների է հաճախում, շատ է դիտում հեռուստացույց կամ խաղում է համակարգչային խաղեր: Այո, մեր օրերում հիմնականում այս տարբերակն է: Անհրաժեշտ է վերանայել երեխայի զբաղվածությունը: Սակայն չբացառենք, որ սովորել չցանկանալու պատճառներից մեկն էլ կարող է լինել դասընկերների կամ ուսուցչի հետ ոչ այնքան լավ հարաբերությունը:

Անցնենք գործնական քայլերին. ինչպե՞ս երեխայի մոտ սեր արթնացնել դեպի ուսումը:

Առաջին հերթին պետք է զինվել համբերությամբ, քանի որ երեխայի կյանքում դպրոցը մի նոր փուլ է: Շատ ծնողներ ընտրում են հագեցած ուսումնական ծրագրով դպրոցներ, սակայն սրանով վերջնականապես սպանում են երեխայի մոտ սովորելու ցանկությունը: Սկզբում սովորելու ընթացքը երեխայի համար պետք է խաղի նմանվի: Այդպես երեխան ավելի հեշտ կընտելանա դպրոցին: Համաձայնեք՝ խաղալիքներից տետրին ու գրքերին անցումն այնքան էլ հեշտ չէ:

Օգտակար խորհուրդ:Միշտ օգնեք երեխային տնային աշխատանքների հարցում, սակայն երբեք մի արեք դա նրա փոխարեն: Ձեր դերը պետք է լինի միայն ուղղություն ցույց տալն ու ստուգելը, հակառակ դեպքում երեխան պարզապես չի ցանկանա ինքնուրույն որևէ բան անել:

Ժլատ մի գտնվեք գովեստի հարցում: Երեխային պետք է գովաբանել իր ցանկացած փոքրիկ հաջողության համար: Դա կարող է լինել մաթեմատիկայի վարժության ճիշտ լուծումը և նմանատիպ այլ բաներ: Երեխան պետք է հասկանա, որ նա կարող է ինքնուրույն անել ամեն ինչ:

Դպրոցական երեխայի համար լավագույն մոտիվացիան սեփական ուժերին հավատալն է: Թույլ տվեք երեխային որոշումներ կայացնել ու պատասխանատվություն կրել դրանց համար: Մի քանի անգամ թույլ տվեք նրան չանել տնային աշխատանքները: Դպրոցում դրանց համար նա կստանա վատ գնահատականներ ու կարժանանա ուսուցչի զայրույթին, դրանից հետո երեխան կկազմակերպվի ու կսկսի պարտաճանաչ կատարել տնային աշխատանքները:

Դեռահասներն ու նրանց խնդիրներն ուսման հետ:

Այստեղ խնդիրը կարող է թաքնված լինել դասընկերների և ուսուցիչների հետ փոխհարաբերությունների մեջ: Հաճախ դեռահասները՝ հատկապես տղաները, ամաչում են սովորել, քանի որ վատ սովորող դասընկերները փորձում են ծաղրել նրանց կամ մականուններ տալ: Պետք է դեռահասի հետ լուրջ խոսել ու բացատրել, որ պետք չէ ուշադրություն դարձնել շրջապատի մարդկանց ասածներին: Ասեք, որ սովորելով նրանք կառուցում են իրենց լավ ապագան ու տարիներ հետո նրանք միայն ուրախ կլինեն, որ դպրոցում գերազանց են սովորել: Տարիներ հետո այդ այդ նույն ծաղրողները նախանձելու են նրան, քանի որ նա ունենալու է լավ մասնագիտություն և աշխատանք:

Եթե դեռահասը խնդիր ունի ուսուցչի հետ կամ ուսուցչին չսիրելու պատճառով չի սովորում նրա առարկան, բացատրեք, թե որքան կարևոր է այդ առարկան իր համար, որ տարիներ հետո նա կարող է այդ առարկան հիմք ընդունելով՝ մասնագիտություն ընտրել: Խոսեք նաև ուսուցչի հետ և հասկացեք պատճառը:

Խորհուրդներ ծնողներին.

·        Այդքան մի կարևորեք գնահատականը, գնահատեք գիտելիքը: Կարևոր է, որ երեխան կարողանա մտածել, այլ ոչ անգիր անելու միջոցով ստանալ բարձր գնահատականներ, իսկ մի քանի օր հետո մոռանա սովորածը:

·        Մի գործադրեք ֆիզիկական ուժ և մի սպառնացեք երեխային, որպեսզի նա սովորի: Բացատրեք, թե որքան կարևոր է ուսումն իր ապագայի համար:

·        Խուսափեք ֆինանասական խրախուսումներից ու տուգանքներից: Այդպես դուք ընտանեկան հարաբերությունները վերածում եք առևտրի:

Երեխայի սովորելու ընթացքը երբեք մի թողեք ինքնահոսի՝ հուսալով, որ ուսուցիչը կկարողանա սեր արթնացնել երեխայի մեջ ուսման նկատմամբ: Այո, երբեմն ուսուցչին սիրելով՝ սովորում են նաև առարկան, բայց սա ոչ միշտ: Միայն ծնողը գիտի իր երեխային ու նրա ընդունակությունները: Հիշեք՝ գիտելիքը երեխայի պայծառ ապագայի հիմքն է: