Ինչպե՞ս օգնել դպրոցական դժվարություններ ունեցող երեխային. խորհուրդներ հոգեբանից. մաս 1  

Փոքրիկիս դպրոցը

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ուսումնական դժվարությունների հիմնախնդիրը բավական բազմաշերտ և լայն է: Պատճառն այն է, որ խնդիրն ունի և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ բժշկական, և՛ մանկավարժական բնույթ:

Ուսումնական տևական դժվարություններն ունենում են հսկայական հետևանքներ (այդ թվում՝ սոցիալական, հոգեբանական և բժշկական բնույթի): Սոցիալականն առաջին հերթին գիտելիքների անբավարարությունն է, որով պայմանավորված է մասնագիտության ընտրության հնարավորությունների նվազումը: Համապատասխանաբար ծագում են նաև հասարակության մեջ հարմարվելու դժվարություններ. մասնագիտության մեջ իրեն չգտած մարդը չի կարողանում հասարակության լիիրավ անդամ դառնալ: Ուսումնական դժվարությունների հետևանքների ոչ պակաս կարևոր մասն է կազմում նաև հոգեբանականը: Գաղտնիք չէ, որ շարունակական անհաջողություններն ու անհաղթահարելի դժվարությունները թույլ չեն տալիս, որ երեխայի անձը զարգանա: Որոշ հետևանքներ էլ առնչվում են բժշկության ոլորտին, դրանք անընդհատ սթրեսների և անհաջողությունների, վախերի, չափազանց լարվածության պատճառով առաջացող նյարդային համակարգի խանգարումներն են, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումն ու այլ շեղումներ: Այս ամենի հետ միասին ուսումնական դժվարությունները խանգարում են երեխայի ընդունակությունների դրսևորմանը, նրա ֆիզիկական աճին ու առողջությանը, հոգեկան գործընթացների զարգացմանը:

Ուսումնական դժվարությունների հիմնական պատճառներն են.

Ֆիզիոլոգիական՝  հաճախակի կրկնվող հիվանդությունները, ընդհանուր թույլ առողջությունը, վարակիչ, նյարդային համակարգի խնդիրները, շարժողական գործառույթների խախտումները:

Հոգեբանական՝  ուշադրության, հիշողության, մտածողության զարգացման մակարդակը, խոսքի անբավարար զարգացումը, ճանաչողական հետաքրքրությունների ոչ լիարժեք ձևավորվածությունը, շրջապատող աշխարհի վերաբերյալ գիտելիքների պակասը, մոտիվացիոն ոլորտի թերի ձևավորվածությունը:

Սոցիալական՝  կյանքի անբարենպաստ պայմանները, ծնողների ոչ պատվաբեր պահվածքը, տնային ռեժիմի, խնամքի բացակայությունը կամ սխալ կազմակերպումը, գերխնամքը, ընտանիքի ֆինանսական վիճակը:

Սովորաբար ուսումնական դժվարությունների հիմքում ընկած է լինում ոչ թե մեկ պատճառ, այլ այս երեքի միասնությունը: Իսկ դժվարությունները հիմնականում կրում են ճանաչողական և անձնային բնույթ:

Ճանաչողական դժվարությունները կապված են հենց սովորելու ունակության խանգարումների հետ: Սովորելու ունակությունը կախված է երեխայի ընդունակություններից, ինտելեկտից, ուշադրության և հիշողության, մտածողության առանձնահատկություններից, ինչպես նաև աշխատունակությունից, շարժողական առանձնահատկություններից ու զարգացման մակարդակից, խոսքի, գրելու և կարդալու հմտությունների նախնական ձևավորման մակարդակից և այլն:

Անձնային խնդիրները ներառում են երեխայի շփման հմտությունները, հուզակամային ոլորտի առանձնահատկությունները՝ սխալվելու վախը, ցածր ինքնագնահատականը, դպրոցական ֆոբիաները, շփման մեջ վախերը, ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, կարգապահությունը, հրահանգներով աշխատելու կարողությունը և այլն:

 

Սովորելու անբավարար կարողությունը դարձնում է կրթությունը երեխայի համար անմատչելի