Ինչպե՞ս օգնել դպրոցական դժվարություններ ունեցող երեխային. խորհուրդներ հոգեբանից. մաս 2

Փոքրիկիս դպրոցը

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ի՞նչ են սովորաբար անում ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ծնողները:

Նման իրավիճակում ծնողները սովորաբար առերես ցույց են տալիս երեխային, որ նա չի արդարացրել իրենց սպասելիքները: Սա հավանաբար ամենաթեթև տարբերակն է: Մի շարք դեպքերում ծնողներն սկսում են սպառնալ, որ վատ սովորելու արդյունքում երեխան սոված կմնա, ոչ մի բանի չի հասնի, կարճ ասած՝ մարդ չի դառնա: Մյուս դեպքում՝ նրանք սկսում են խստացնել ռեժիմն ու պատիժները, որոնք վերածվում են վիրավորանքների, ծեծի ու բռնության: Բնական է, որ այս պայմաններում չեն կարող պահպանվել լավ հարաբերություններ, մտերմություն, վստահություն և ընկերություն ծնողների և երեխայի միջև: Շատ հաճախ մեր կենտրոն դիմած ծնողները, երեխայի խնդիրների պարզաբանման, տարիների փորձի ու անցած ճանապարհի վերլուծության արդյունքում խոր ափսոսանքի զգացում են ունենում կորցրած ժամանակի և հարաբերությունների համար, հուզվում և որոշում են վերստին սկսել հարաբերությունների վերականգնման պրոցեսը:

Ինչպե՞ս օգնել դպրոցական դժվարություններ ունեցող երեխային:

Ուսումնական դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է մասնագետների համալիր, թիմային աշխատանք: Այդ թիմում պարտադիր պետք է ներգրավված լինեն ծնողները, հոգեբանը, հատուկ մանկավարժը, ցանկալի է նաև երեխայի հետ անմիջապես աշխատող մանկավարժը:

Առաջին հերթին պետք է գնահատել երեխայի ճանաչողական և անձնային ոլորտները տարբեր ստանդարտացված ախտորոշիչ մեթոդներով, որից հետո մշակել բացահայտված խնդիրների լուծման քայլաշար: Տվյալ քայլաշարում պետք է ընդգրկված լինեն առանձին մշակված պարտականություններ և քայլեր ինչպես ծնողների, այնպես էլ յուրաքանչյուր մասնագետի համար:

Պետք է հիշել, որ 2-3 ամիս կայուն ուսումնական որևէ դժվարություն արդեն առիթ է՝ մասնագետի հետ խորհրդակցելու համար: Հիշեք միայն, թե այդ ամիսների ընթացքում օրական քանի անգամ եք բալիկին ասում, որ սխալ արեց, այդպես չէ, չի ստացվում, չի կարողանում, ինչպե՞ս թե չի կարողանում, ես հոգնել եմ արդեն, էլ չգիտեմ՝ ինչպես բացատրեմ քեզ, դու չես հասկանում ոչինչ և այլն, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչքան է տուժում դրանից երեխայի վստահությունն իր ուժերի նկատմամբ: Իսկ այժմ հիշեք՝ ինչպես եք վերաբերվում ձեր անձին ուղղված նմանատիպ արտահայտություններին:

 

Կարծում եմ՝ այս փոքրիկ համեմատության կարողությունն ունեցող ոչ մի ծնող չի տանջի իր երեխային՝ դպրոցական ամբողջ ուղու ընթացքում նրան քննադատելով ու փնովելով: