Տանը դպրոցական կա՞. ինչպե՞ս օգնել նրան դպրոցի ու դասերի հարցում

Փոքրիկիս դպրոցը

Դպրոցական երեխա ունենալն այնքան էլ հեշտ չէ:

Պետք է սովորել, իսկ նա չի ցանկանում: Ուզում է բակ իջնել, խաղալ իր խաղալիքներով, ցրված է, ուշքն ու միտքն իր խաղերն են: Ինչպե՞ս օգնել երեխային դպրոցի ու դասերի հարցում: Մանկական և ընտանեկան հոգեբան Եկատերինա Քեսից մի քանի օգտակար խորհուրդ:

1. Առավոտյան երեխային ձայնի հանգիստ տոնով արթնացրեք: Արթնանալիս նա պետք է տեսնի Ձեր ժպտացող դեմքը և լսի Ձեր սիրալիր ձայնը: Առավոտյան մի՛ զայրացեք երեխայի վրա, եղեք համբերատար: Մի՛ շտապեք ու մի՛ շտապեցրեք երեխային: Թողեք՝ երեխան մեկ անգամ ուշանա դասից, ստանա նկատողություն: Հավատացեք՝ հաջորդ անգամ նա ինքը կփորձի արագ հագնվել ու հասնել դպրոց:

2. Երեխային մի՛ ուղարկեք դպրոց առանց նախաճաշելու: Երեխայի համար շատ կարևոր է նախաճաշը: Դա կօգնի նրան ավելի ուշադիր լինել դասի ընթացքում: Երեխայի համար շատ կարևոր է նաև ջուրը: Ինչպես գիտեք, ջուրը պարունակում է օրգանիզմի համար անփոխարինելի տարրեր:

3. Երեխային դպրոց ճանապարհելիս մի՛ սպառնացեք. «Տես՝ քեզ խելոք կպահես, շատ չխոսես,  հանկարծ չբողոքեն քեզնից...»: Երեխային դպրոց ճանապարհելիս մի քանի լավ խոսք ասեք. «Սիրում եմ քեզ», «կկարոտեմ», «հպարտանում եմ քեզնով», «դու իմ խելացին ես»:

4. Մոռացեք «Ի՞նչ ես այսօր ստացել» արտահայտությունը: Դպրոցից հետո երեխային դիմավորեք կրկին լավ խոսքերով, հետաքրքրվեք՝ ինչպես անցավ իր օրը, ինչ սովորեց այսօր: Եթե Ձեզ իսկապես հետաքրքրում է գնահատականը, ճշտելու ավելի մեղմ տարբերակներ գտեք:

5. Եթե զգում եք, որ երեխան մի քիչ վշտացած է և լռում է, հարցախեղդ մի արեք: Թողեք՝ նա մի քիչ հանգստանա, մտածի և ինքը Ձեզ կպատմի իր օրվա մասին: Այս դեպքում նրան կլսեք հանգիստ՝ առանց զայրանալու, փորձեք չընդհատել նրան, իսկ լսելուց հետո խորհուրդներով օգնել:

6. Երեխայի մոտ մի՛ վատաբանեք իր ուսուցչին: Երեխայի աչքում ուսուցիչը միշտ պետք է բարձր լինի, այլապես փոքրիկ դպրոցականը չի ցանկանա սովորել:

7. Եթե երեխան խնդիր ունի ուսուցչի հետ, մի՛ շտապեք եզրակացություն անել: Լսեք երեխային, լսեք ուսուցչին ու փորձեք հաշտեցնել երկուսին էլ:

8. Դասերի ավարտից հետո մի՛ շտապեք կատարել տնային աշխատանքները: Եթե լավ եղանակ է, ու Դուք էլ շտապելու տեղ չունեք, մի քիչ զբոսնեք երեխայի հետ ու խոսեք: Սա կօգնի էլ ավելի մտերմանալ երեխայի հետ: Իսկ տանը կարող եք միասին ճաշել, քննարկել օրը և նոր անցնել դասերին: Դպրոցից հետո երեխայի ուղեղը մի քիչ պետք է հանգստանա:

9. Տնային աշխատանքների միջակայքում դադար տվեք.  թե՛ Դուք, թե՛ երեխան 15-20 րոպե հանգստացեք, միրգ կամ շոկոլադ կերեք ու կրկին անցեք դասերին: Հակառակ դեպքում տնային աշխատանքների կատարման վրա ծախսած ժամանակն ապարդյուն կլինի: Հաջորդ վայրկյանին երեխան ամեն ինչ կմոռանա:

10. Դասերի կատարման ընթացքում մի՛ «նստեք երեխայի շնչին»: Թողեք՝ ինքն ամեն ինչ անի ինքնուրույն: Եթե դժվարանա, նա Ձեզ անպայման կկանչի:

Աղբյուրը՝ www.vospitaj.com