Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հեռավար ուսուցման մի քանի օնլայն հարթակ, որոնք այս օրերին, երբ կորոնավիրուսի պատճառով կրթական հաստատությունները դադարեցրել են աշխատանքը, կարող են օգտակար լինել ուսուցիչներին։
📌 zoom.us (Ծառայություն ՝ վիդեոկոնֆերանսների և վեբինարների համար)
Ազատ տարբերակում կարող եք դասընթացներ անցկացնել 100 աշակերտների համար, մինչև 40 րոպե տևողությամբ:
📌 wisiq.com (Առցանց դասընթացներ կազմակերպելու ծառայություն)
Ստեղծվում է դաս, որին աշակերտները միանում են։ Նրանք պետք է նախապես հաշիվ ստեղծեն այս միջավայրում: Այստեղ կարող եք անցկացնել առցանց հանդիպումներ, շփվել, հրապարակել առաջադրանքներ և հայտարարություններ: Անվճար տարբերակում դասընթացին և տեսահանդիպմանը կարող են միանալ 10 աշակերտ:
📌 Google Classroom (Google Classroom-ը հեռավար առցանց դասընթացներ կազմակերպելու ծառայություն է)
Ուսուցիչները կարող են՝
· ստեղծել առցանց դասարաններ, որը մասնավոր է և փակ ուսուցչի և նրա աշակերտների համար,
· սովորողների հետ կիսվել էլեկտրոնային կրթական ռեսուրսներով,
· մեկնաբանել սովորողների աշխատանքները,
· տեղադրել հայտարարություններ,
· աշակերտների հետ կազմակերպել քննարկումներ,
· կիսվել ֆայլերով,
· հանձնարարել, հավաքել և գնահատել աշակերտների թեստերը և գործնական աշխատանքները:
Սովորողները կարող են՝
· օգտվել կրթական ռեսուրսներից,
· համագործակցել առցանց դասարանում,
· հանձնել առցանց թեստեր,
· էլեկտրոնային տարբերակով ներկայացնել իրենց գործնական աշխատանքները:
📌 Moodle (համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպելու արդյունավետ առցանց հեռավար ուսումնական գործընթաց)
Այն դասավանդողին թույլ է տալիս ստեղծել.
· դասընթացներ,
· դասացուցակներ,
· հայտարարություններ
· թեստեր:
📌 Facebook Live (Այս ծառայության օգնությամբ հնարավոր է հեռարձակել դասընթացի տեսանյութը անմիջապես Facebook-ից)
Ուսուցիչները կարող են ստեղծել փակ խումբ տվյալ դասարանի համար, որտեղ կարող են կազմակերպել ուղիղ հեռարձակում և անցկացնել առցանց դասեր:
📌 Instagram Live (Այս ծառայության օգնությամբ հնարավոր է հեռարձակել տեսանյութը Instagram-ից)
Ուսուցիչները կարող են հեռարձակել ուղիղ եթերը իրենց հաշվից, և եթե աշակերտները բաժանորդագրված են իրենց հաշվին, ապա նրանք ծանուցում կստանան հեռարձակման վերաբերյալ: Կամ ուսուցիչները կարող են ստեղծել մասնավոր դասարանի հաշիվ և անցկացնել այնտեղ առցանց դասընթացներ:
📌 Periscope (Այս հավելվածը ուղիղ հեռարձակումներ անցկացնելու համար է)
Որպեսզի աշակերտները կարողանան դիտել ուսուցիչների հեռարձակումները, նրանք պետք է տեղադրեն այս ծրագիրը իրենց հեռախոսում և ստեղծեն հաշիվ: