Որո՞նք են դեռահասության ճգնաժամի յուրահատկությունները և ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերեն ծնողները - մաս 2

Փոքրիկիս դպրոցը

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Ներկայացնում է Գալուստ Գյուլբենկյանի անվան N:190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանը:

 

Ընդհանրապես, դեռահասի հետ շփման դեպքում չի կարելի

․ Անուշադրության մատնել նրան

Երբ երեխան գալիս է որևէ հարց քննարկելու, աշխատե՛ք ամեն ինչ մի կողմ դնել և ուշադիր լսել։ Դա շատ լավ հնարավորություն է՝ ցույց տալու, որ դուք նրա կողքին եք։ Հարցեր տվեք ու փորձեք ավելին իմանալ նրա մասին, օգնեք նրան  տարանջատել առաջնայինը երկրորդականից։

․ Շատ քննադատել

Մի քանի անգամ քննադատելուց հետո կտեսնեք, որ նա արդեն չի գալիս և չի պատմում ոչինչ։ Որոշակիորեն կկորցնեք երեխայի հետ կապը։ Պարզապես հարցերով բերեք նրան, որ երեխան ինքը հասկանա իր ճիշտ չլինելը։  

․ Բացասական պիտակավորումներ տալ

Օրինակ՝ ասել, որ նա չի կարող անել տվյալ բանը։ Փոխարենը կարելի է ասել՝ «քեզ մոտ շատ լավ է ստացվում», «դու շատ բարի ես»։ Հարկավոր է վերհանել երեխայի ռեսուրսներն ու հնարավորություն տալ նրան կյանքի կոչել նորը։ Ծնողի խնդիրը ցույց տալն է։

․ Ասել երեխային՝ «արել եմ քեզ համար», «զրկվել եմ քո պատճառով» կամ «չեմ բաժանվել հանուն քեզ»  

Սա երեխայի մոտ կարող է ձևավորել մեղքի ուժեղ զգացում, որ  մայրիկը կամ հայրիկն իր պատճառով լուրջ զոհաբերությունների է գնացել։ Սա վատ երևույթ է և բացասաբար է անդրադառնում փոխհարաբերությունների, երեխայի անձնային հատկանիշների ձևավորման, հատկապես ինքնագնահատականի վրա։

․ Չլինել հետևողական սեփական պահանջների նկատմամբ

Ցանկալի է, որ այդ պահանջները լինեն երեխային համապատասխան, իրատեսական, բայց դրանք հետևողականորեն պահվեն։ Երեխան զգա, որ իրեն ասվածը շարունակում  է մնալ կարևոր ծնողի համար։ Պետք չէ, որ ծնողն ընտրի մի պահանջ, որը երեխան ի վիճակի չէ կատարել, ապա հետ կանգնի։    

 

Փոխարենը․

 

Հարկավոր է գնալ դաստիարակության «ոճային» փոփոխության

Ծնողն իր խոսքը պետք է փոխանցի երեխային հանգիստ տոնով, պատմողական, ընկերական, քննարկման ձևով։  Կան ծնողներ, որոնց մոտ այդ փոփոխությանը գնալը դժվար է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում։ Դա հարկավոր է շտկել, քանի որ հակառակ դեպքում դեռահասից կստանան բուռն արձագանք, կկորի երեխայի վստահությունը ծնողի նկատմամբ։  

 Անհրաժեշտ է զարգանալ և պահել ծնողական հեղինակությունը

 Զարգացում ասվածը ենթադրում է նոր ոլորտներ ուսումնասիրել, կարդալ, գիտելիքների պաշարն ավելացնել, քննարկումներ անցկացնել երեխայի հետ։  Ծնողը պետք է իր վրա ուշադրություն դարձնի, ժամանակ հատկացնի իր հանգստի և ընկերական շփման համար։ Սա պետք է, որ երեխան հասկանա՝ ընտանիքում բոլոր ռեսուրսները միշտ իր վրա չեն կենտրոնացվելու և չդառնա եսասեր։ Շատ կարևոր է նաև, որ ծնողը ցույց տա երեխային՝ ինչպես է հաղթահարում խոչընդոտներ, խնդիրներ ունենալով հանդերձ կարողանում ադեկվատ և կայուն մնալ։

Մեծահասակը հանդիմանելու ընթացքում պետք է աշխատի շեշտը դնել քայլերի վերլուծության, պատճառահետևանքային կապն ընդգծելու վրա, հարցնի՝ ինչու է երեխան այդ քայլին գնացել ու սպասի պատասխանին։ Դա կբերի ծնողի հեղինակության բարձրացմանը։  Շատ ծնողներ հարց են հնչեցնում, իրենք էլ պատասխանում են, և երեխան հնարավորություն չի ունենում ներկայացնել իր բացատրությունը։   

․ Ընդունել երեխային առանց վերապահումների

Երեխան պետք է զգա, որ ծնողն իր հետ է, հետաքրքրված է իր խնդիրներով և ուզում է ձեռք մեկնել։ Պետք է զգա նրա սերը, գրկախառնությունները։  Չմոռանանք, որ ջերմ գրկախառնության ընթացքում առաջանում է օքսիտոցին հորմոնը, որը հեռացնում է սթրեսը։      

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան