Երբ ծնվում է փոքրիկը… տղամարդու տեսանկյունից

Փոքրիկիս հայրիկը

Երեխայի ծնունդը երկար սպասված ու ցանկալի պահ է ամուսինների համար: Սակայն երբ վրա է հասնում սովորական առօրյան, տղամարդը հանկարծ հասկանում է, որ երեխային կերակրելու, քնեցնելու, լողացնելու, լվացքի և այլնի մեջ ինքը տեղ չունի… Իհարկե, որպես կանոն, երիտասարդ մայրիկին օգնում են հարազատները, սակայն միևնույն է, երիտասարդ հայրիկին թվում է, թե  իրեն դադարել են նկատել: Օրինակ, կարող է տուն գալ և պարզել,

Երեխայի ծնունդը երկար սպասված ու ցանկալի պահ է ամուսինների համար: Սակայն երբ վրա է հասնում սովորական առօրյան, տղամարդը հանկարծ հասկանում է, որ երեխային կերակրելու, քնեցնելու, լողացնելու, լվացքի և այլնի մեջ ինքը տեղ չունի… Իհարկե, որպես կանոն, երիտասարդ մայրիկին օգնում են հարազատները, սակայն միևնույն է, երիտասարդ հայրիկին թվում է, թե  իրեն դադարել են նկատել: Օրինակ, կարող է տուն գալ և պարզել, որ ընթրիքը դեռ պատրաստ չէ կամ տաբատը դեռ արդուկած չէ: Նման պարագայում տղամարդիկ ծանր են տանում ուշադրության պակասը:  Բացի այդ, կինն ավելի շատ խոսում է ոչ թե երեխայի մասին, այլ կրծքի կաթի, պտուկների վրա առաջացած ճաքերի, երեխայի կղանքի գույնի և այլ նման բաների մասին, որոնք հայրիկին հետաքրքիր չեն:  Եվ հանկարծ տղամարդը հասկանում է, որ աշխատավայրում իրեն ավելի հետաքրքիր է, որ այնտեղ իրեն լսում ու հասկանում են: Եվ նա պատրաստ է աշխատել անգամ օրական 25 ժամ:

Նման պահերին տղամարդուն թվում է, թե նորմալ կյանքն ավարտված է, որ իր սիրելիի հետ այլևս երբեք սրտաբաց չեն զրուցի, միմյանց չեն հասկանա, որ մինչև կյանքի վերջ ստիպված է լինելու լսել տակդիրների ու նման բաների մասին խոսակցություններ:

Այսպես կարող է երկար շարունակվել: Տղամարդը  դեռևս երեխային չի ընկալում որպես մարդու, այլ որպես  շատ թանկագին, սակայն անհայտ նշանակության «ինչ-որ բան», որը մեծ պատասխանատվություն և քնքուշ վերաբերմունք է ենթադրում: Այսպես անցնում են ամիսներ, և թվում է, թե այդ ամենը վերջ չունի:

Սակայն հանկարծակի ու միանգամից ամեն ինչ փոխվում է: Երեխայի ծնունդից 8-10 ամիս անց երեխան արդեն հասկանում է, թե ինչ են ուզում իրենից, ինքն էլ շրջապատի հետ շփվելու յուրօրինակ մեթոդ է մշակում: Եվ հայրիկի համար երեխան այլևս իր կամ իր սիրելիի փոքրիկ կրկնօրինակն է: Կարճ ժամանակահատվածում տղամարդու առաջնահերթությունները փոփոխվում են. աշխատանքը, ընկերները երկրորդական են դառնում: Աշխատանքի ավարտից հետո նա այլևս տուն է շտապում, գրկում երեխային ու մինչև քուն էլ բաց չի թողնում:

Հորն ու երեխային պետք չէ բաժանել միմյանցից անգամ կարճ ժամանակով խանութ գնալու համար: Չէ որ նաև երեխան է օրվա ընթացքում կարոտում հայրիկին:

Աշխատանքի ընթացքում այլևս տղամարդը մտածում է, թե ինչպես ուրախացնի իր սիրելիներին՝ կնոջն ու երեխային, ինչ գնի նրանց համար, ուր տանի և այլն: Այժմ անգամ տղամարդկային խոսակցություններում անընդհատ անդրադարձ է կատարվում երեխային՝ ումն է նման, ինչ խաղալիքներ է սիրում, ինչպես է խոսում բջջայինով…:

Սիրելի հայրիկներ, հիշեք, որ ամեն ինչ լավ է լինելու, պարզապես ժամանակ է հարկավոր: Հիշեք նաև, որ երեխային խնամելու համար մոտ մեկ տարի տանը նստած կնոջն ավելի դժվար է, քան ձեզ: Ուստի նրա համար երբեմն-երբեմն անակնկալներ պատրաստեք, հնարավորության դեպքում երեկոներին դուրս եկեք, կամ փորձեք որոշ ժամանակով երեխայի խնամքը ձեզ վրա վերցնել՝ կնոջը ժամանակ տալով ինքն իրեն հետևելու:

Եվ հիշեք, որ միասին դժվարություններն հաղթահարելն ավելի հեշտ է:

Նյութն ըստ 9 months.ru կայքի