Հայր և դուստր. դաստիարակության մի քանի առանձնահատկություններ

Փոքրիկիս հայրիկը

Դստեր ծնունդը շատ տղամարդկանց համար «փորձություն» է, քանի որ նրանք պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես դաստիարակել աղջկան: Ինչո՞ւ է նման խնդիր առաջանում:  Պատճառն այն է, որ կանայք և տղամարդիկ աշխարհը տարբեր կերպ են ընկալում, և հաճախ միմյանց հասկանալը բարդ է լինում: Ստորև կփորձենք ներկայացնել, թե ինչպես կարող են լավ հարաբերություններ ունենալ հայրիկն ու դստրիկը:

Դստեր ծնունդը շատ տղամարդկանց համար «փորձություն» է, քանի որ նրանք պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես դաստիարակել աղջկան: Ինչո՞ւ է նման խնդիր առաջանում:  Պատճառն այն է, որ կանայք և տղամարդիկ աշխարհը տարբեր կերպ են ընկալում, և հաճախ միմյանց հասկանալը բարդ է լինում: Ստորև կփորձենք ներկայացնել, թե ինչպես կարող են լավ հարաբերություններ ունենալ հայրիկն ու դստրիկը:

Հայրիկի արքայադուստրը

«Դուք աղջիկ եք ունեցել» արտահայտությունը կարող է նորաթուխ հայրիկի շփոթմունքի պատճառ դառնալ. ինչպե՞ս պետք է դաստիարակի  փոքրիկ աղջնակին: Բայց շուտով այդ շփոթմունքը կանցնի, և հայրիկը կմոռանա իր վախերի մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայրերը տարբեր վարք են դրսևորում աղջկա և տղայի դաստիարակության գործում: Երբ փոքրիկ դուստրն է լացում, նրան գրկում են, շոյում, հանգստացնում: Իսկ տղայի դեպքում երբեմն հայրը կարող է նրան հիշեցնել, որ «տղամարդիկ չեն լացում»:  Հայրը փորձում է տղային խիստ դաստիարակել, նրա մեջ այսպես կոչված տղամարդկային հատկանիշներ ձևավորել, մինչդեռ աղջկա դեպքում հայրը ազատություն է տալիս իր զգացմունքներին: Գուցե և հենց այս պատճառով է, որ հաճախ հայրերի ու դուստրերի միջև ամուր հոգևոր կապ կա: Դուստրերը սիրում են իրենց հայրիկներին հենց այնպես, պարզապես նրա համար, որ նրանք գոյություն ունեն: Հայրն էլ ի պատասխան դստերն է նվիրում իր ողջ ջերմությունն ու քնքշանքը:

Սակայն, երբեմն պատահում է նաև այնպես, որ հայրն իր սխալ վարքով  փչացնում է իր և դստեր հարաբերությունները, դրանք ի սկզբանե սխալ հիմքի վրա են դրվում: Նման բան հիմնականում պատահում է այն դեպքերում, երբ հայրը որդի էր ուզում, սակայն դուստր է ծնվել:

Սիրելի հայրիկներ, ձեր դստեր նկատմամբ սառը  վերաբերմունք դրսևորելիս հիշեք, որ նա ևս ձեր երեխան է,  ձեր ժառանգորդը, ինչպիսին կլիներ ձեր որդին: Ուստի սիրեք ձեր դստերը ճիշտ այնպես, ինչպես և կսիրեիք որդուն:

Դաստիարակության սխալ մեթոդներ

Տղային բնորոշ դաստիարակություն. Երբեմն հայրիկները գիտակցաբար կամ ենթագիտակցաբար խրախուսում են դուստրերի մոտ տղային բնորոշ հատկանիշները և վարքը: Դուստրն էլ ձգտում է համապատասխանել հոր իդեալներին, որպեսզի արժանանա նրա սիրուն: Այդ ամենի արդյունքում կանացի հատկանիշները դառնում են մերժելի փոքրիկի համար:

Անտարբերություն. Եթե հայրիկը անտարբեր է դստեր նկատմամբ, որպես կանոն նա մեծանում ու դառնում է  անինքնավստահ մարդ: Հոր սիրուն արժանանալու փորձերն աստիճանաբար հուսահատության են վերածվում, իսկ դրանից դեպի ագրեսիա  ընդամենը մեկ քայլ է:

Չափազանց պահանջկոտություն. Այս պարագայում հոր մասնակցությունը դստեր կյանքին դրսևորվում է մշտական պահանջներով, քննադատությամբ և դժգոհությամբ, երբեմն անգամ բոլորովին անհիմն: Նման պահվածքը  չի նպաստում  ապագայում հաջողակ և երջանիկ մարդու դաստիարակությանը:

Ինչպես վարվել

Աջակցեք նրան

Սա նշանակում է, որ հայրիկն ամեն կերպ պետք է աջակցի դստերը, նրան վստահություն ներշնչի: Միայն այսպես երեխայի մոտ կձևավորվեն հատկանիշներ, որոնք նրան կօգնեն հասնել հաջողության և լինել երջանիկ:

Զգույշ եղեք քննադատելիս

Իհարկե, հայրը պետք է դստերը ճիշտ ուղղություն ցույց տա, սակայն զգույշ եղեք, որ քննադատելիս շատ կտրուկ ու կոպիտ չլինեք, հատկապես եթե խոսքը վերաբերում է ձեր դստեր արտաքինին: Անգամ մեկ անզգույշ արտահայտությունը կարող է վիրավորել  ձեր փոքրիկ արքայադստերը, նրա մոտ անինքնավստահություն և կոմպլեքսներ առաջացնել:

Խրախուսեք կանացիության դրսևորումները

Հոր խրախուսանքը, գովասանքն ամենամեծ նվերն է փոքրիկի համար: Ուստի անպայման խրախուսեք ձեր դստեր կանացի լինելու ձգտումները: Դա նրան պետք կգա արդեն հասուն կյանքում:

Նյութն ըստ mamapapaimalish.ru կայքի