Ի՞նչպես է սահմանվում ալիմենտը. ընտանեկան օրենսգիրք  

Հոդված 96. Անչափահաս երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները

  1. Ծնողները պարտավոր են պահել իրենց անչափահաս զավակներին:

Անչափահաս զավակներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու ձեւը որոշում են ծնողներն ինքնուրույնաբար:

Ծնողներն իրավասու են համաձայնություն կայացնել իրենց անչափահաս երեխաներին պահելու մասին /համաձայնություն ալիմենտ վճարելու մասին/ սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան:

  1. Այն դեպքում, երբ ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց անչափահաս երեխաներին, վերջիններիս պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:
  2. Ծնողների միջեւ ալիմենտի վճարման մասին համաձայնության բացակայության, անչափահաս երեխաներին ապրուստի միջոց չտրամադրելու եւ դատարան հայց չներկայացվելու դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինն իրավասու է հայց ներկայացնել ծնողների /նրանցից մեկի/ դեմ` անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելու մասին:

Հոդված 97. Անչափահաս երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտների չափը

  1. Անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտը ծնողներից դատարանով բռնագանձվում է ամենամսյա կարգով, հետեւյալ չափերով. մեկ երեխայի համար ծնողների վաստակի եւ /կամ/ այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ամսական նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս:

Գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ է բռնագանձվում հետեւյալ չափերով. մեկ երեխայի համար` նպաստի մեկ քառորդը, երկու երեխաների համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գործազրկության նպաստի 20 տոկոսից ոչ պակաս:

  1. Սույն հոդվածի առաջին կետով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով պակասեցվել կամ ավելացվել, հաշվի առնելով կողմերի նյութական կամ ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Հոդված 98. Վաստակի եւ /կամ/ այլ եկամտի տեսակները, որոնցից ալիմենտներ է պահվում անչափահաս երեխաների համար

Վաստակի եւ /կամ/ այլ եկամտի տեսակները, որ ստանում են ծնողները դրամով եւ /կամ/ տարադրամով եւ որոնցից ալիմենտ է պահվում անչափահաս երեխաների օգտին սույն Օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան, որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 99. Անչափահաս երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով:

  1. Ծնողների միջեւ անչափահաս երեխաների համար ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում եւ այն դեպքերում, երբ անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողն ունի ոչ կանոնավոր, փոփոխվող վաստակ եւ /կամ/ այլ եկամուտ, կամ եթե այդ ծնողը վաստակը /կամ/ այլ եկամուտն ամբողջությամբ կամ մասամբ ստանում է բնամթերքով կամ արտասահմանյան տարադրամով, կամ եթե նա չունի վաստակ /կամ/ այլ եկամուտ, ինչպես նաեւ այլ դեպքերում, երբ ծնողի վաստակից եւ /կամ/ այլ եկամուտներից բաժնային հարաբերությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար է, դժվար է կամ էականորեն խախտում է կողմերից մեկի շահերը, դատարանն իրավասու է որոշել ծնողներից ամեն ամիս բռնագանձվող ալիմենտների չափը կայուն դրամական գումարով կամ միաժամանակ եւ՛ բաժիններով /սույն Օրենսգրքի 92-րդ հոդվածին համապատասխան/, եւ՛ կայուն դրամական գումարով:
  2. Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը, ելնելով երեխայի համար նրա ապահովվածության նախկին մակարդակի առավելագույնս պահպանման հնարավորությունից, հաշվի առնելով կողմերի նյութական ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
  3. Եթե յուրաքանչյուր ծնողի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանը որոշում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ամեն ամիս բռնագանձվող կայուն դրամական գումարով:

 

Գովազդ