Ալիմենտի վճարման պարտականությունը որևէ կերպ կապված չէ ծնողների ամուսնացած կամ ամուսնալուծված լինելու հետ  

Պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ծնողներից մեկը հայց է ներկայացնում մյուս ծնողի դեմ՝ իր հետ բնակվող երեխայի համար ալիմենտի բռնագանձման պահանջով:

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք, որոնք պահանջում են որոշակի դրամական միջոցներ, ծախսեր: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պարտականությունը դրված է ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների վրա: Ծնողներն ունեն ոչ միայն հավասար իրավունքներ, այլ նաև կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ:

Ալիմենտի բռնագանձման, դրա տրամադրման կարգի ու պարտավորությունների մասին զրուցել ենք «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Տիգրան Ղազարյանի հետ։

 

 -Ե՞րբ է կատարվում ալիմենտի բռնագանձում։

 Դատական կարգով ալիմենտի բռնագանձման հարց առաջանում է այն դեպքերում, երբ ծնողներն ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին և անհրաժեշտություն է առաջանում հարկադիր կարգով բռնագանձելու: Տվյալ դեպքում այլ ելք չի մնում, քան հարցի դատական կարգով լուծումը:

 Հաշվի առնելով ամուսնաընտանեկան հարաբերություններում կողմերի հաշտության կարևորությունը, երեխայի շահը, ընտանիքի պահպանման նշանակությունը, նպատակահարմար է, որպեսզի սույն գործերով կողմերը հանգեն հաշտության՝ գտնելով երկկողմանի ընդունելի լուծումներ, որոնք կբխեն թե՛ երեխաների և թե՛ ծնողների շահերից:

 

-Ինչպե՞ս են հաշվարկում ալիմենտը։ Եվ որքա՞ն է կազմում դրա նվազագույն չափը։

 Կարևոր է իմանալ, որ ալիմենտը հնարավոր է հաշվարկել տարբեր եղանակներով, մասնավորապես՝ կայուն դրամական գումարով (օրինակ՝ ամսական 30.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր երեխայի համար յուրաքանչյուր ամիս), ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի որոշակի բաժնեմասով (օրինակ՝ ծնողի աշխատավարձը 240.000 ՀՀ դրամ է, որից վճարման ենթակա է ¼-ը յուրաքանչյուր երեխայի համար), ինչպես նաև կարող է որոշվել երկուսը միասին (օրինակ՝ յուրաքանչյուր երեխայի համար սահմանվում է յուրաքանչյուր ամիս 25.000 ՀՀ դրամ և աշխատավարձի ¼-ը):

 Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա յուրաքանչյուր երեխայի համար վճարման ենթակա ալիմենտի չափը չի կարող պակաս լինել 10.000 ՀՀ դրամից:

 

-Ծնողը մինչև ե՞րբ է պարտավոր վճարել ալիմենտ:

 Ալիմենտի վճարման պարտականությունը սահմանվում է մինչև երեխայի չափահաս դառնալը, այն է՝ 18 տարեկանը: Վճարումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ կողմերի համաձայնությամբ սահմանված եղանակով (օրինակ՝ առձեռն, բանկային փոխանցումով և այլն):

 

-Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ծնողը ալիմենտը չվճարելու դեպքում։

 Եթե դատարանի վճռով ծնողի վրա դրվել է պարտականություն՝ վճարելու ալիմենտ, իսկ վերջինս երեք և ավելի ամիս չարամտորեն խուսափում է իր վրա դրված պարտականությունը կատարելուց, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության: Նշենք նաև, որ եթե չարամտորեն խուսափելու ժամանակը գերազանցի 1 տարին, ապա այն կարող է դառնալ նաև ծնողական իրավունքներից զրկելու հիմք: Սակայն, ծնողական իրավունքներից զրկված լինելը ալիմենտի վճարման պարտականությունից ազատման հիմք չէ:

 

-Ինչպե՞ս է որոշվում երեխայի տեսակցության կարգը և ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ կարգը խախտելու դեպքում:

 Այն ծնողը, ում հետ չի բնակվում երեխան, իրավունք ունի տեսակցելու: Տեսակցության օրերի և կարգի վերաբերյալ ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով: Տեսակցության օրերի քանակը և տևողությունը որոշվում են` հաշվի առնելով երեխայի շահը, ծնողի և երեխայի միջև կապի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Կարևոր է իմանալ, որ տեսակցության կարգը սահմանելիս անհրաժեշտ է խնամակալության և հոգաբարձության համապատասխան մարմնի եզրակացությունը: Այն դեպքում, երբ ծնողը, առանց հարգելի պատճառների, խոչընդոտում է դատական կարգով սահմանված տեսակցությանը, ապա համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

 

Հարցազրույցը` Արփինե Մուրադյանի

Գովազդ