Ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները. ընտանեկան օրենսգիրք

Հոդված 55. Ծնողների ու զավակների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը

Ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

Հոդված 56. Երեխայի սերման հաստատումը

  1. Երեխայի սերումը մորից /մայրությունը/ հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կողմից՝ երեխան մորից բժշկական հիմնարկում ծնված լինելը հավաստող փաստաթղթերի հիման վրա, իսկ երեխան բժշկական հիմնարկից դուրս ծնված լինելու դեպքում՝ բժշկական փաստաթղթերի, վկաների ցուցմունքների կամ այլ ապացույցների հիման վրա:
  2. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ գտնվող ծնողներից, ինչպես նաեւ ամուսնությունը լուծելու, այն անվավեր ճանաչելու պահից կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից հետո երեք հարյուր օրվա ընթացքում, երեխայի հայր է ճանաչվում մոր ամուսինը /նախկին ամուսինը/, եթե այլ բան չի ապացուցվել /սույն Օրենսգրքի 51-րդ հոդված/:

Երեխայի մոր ամուսնու հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության մասին արված գրանցումով:

Եթե երեխայի մայրը հայտարարում է, թե երեխայի հայրը իր ամուսինը /նախկին ամուսինը/ չէ, երեխայի հայրությունը հաստատվում է սույն Օրենսգրքի 57-րդ կամ 58-րդ հոդվածներով նախատեսված կանոններով:

Հոդված 57. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից ծնված երեխայի սերման հաստատումը ՔԿԱԳ մարմիններում

  1. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը հաստատվում է ՔԿԱԳ մարմիններին երեխայի հոր եւ մոր կողմից տրվող համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրի հաստատման անհնարինության կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով:
  2. Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ հայրությունը հաստատելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է երեխայի ծնվելուց հետո դառնալ անհնարին կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, կարող են նման դիմում ներկայացնել ՔԿԱԳ մարմնին՝ մոր հղիության ժամանակ: Երեխայի ծնողների մասին գրանցումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո:
  3. Տասնութ տարեկան /չափահաս/ դարձած անձի նկատմամբ հայրության հաստատում թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ, իսկ եթե նա ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի համաձայնությամբ:

Հոդված 58. Հայրությունը դատական կարգով որոշելը

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե չկա ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը /սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետ/, երեխայի ծագումը կոնկրետ անձից /հայրությունը/ հաստատվում է դատական կարգով՝ ծնողներից մեկի, երեխայի խնամակալի /հոգաբարձուի/, այն անձի, որի խնամքի տակ է գտնվում երեխան, ինչպես նաեւ հենց իր՝ երեխայի՝ չափահաս դառնալուց հետո ներկայացրած դիմումի հիման վրա:

Հայրությունը որոշելիս դատարանը նկատի է առնում երեխան ծնվելուց առաջ երեխայի մոր եւ ենթադրվող հոր համատեղ բնակվելը եւ ընդհանուր տնտեսություն վարելը, կամ նրանց կողմից երեխայի դաստիարակությունը կամ խնամքը, կամ այն ապացույցները, որոնք որոշակիորեն հաստատում են ենթադրվող հոր կողմից հայրության ընդունումը:

Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է նշանակել դատաբժշկական, դատակենսաբանական կամ այլ փորձաքննություններ:

Դատարանն ուշադրության է արժանացնում ցանկացած ապացույցներ, որոնք արժանահավատությամբ հաստատում են երեխայի սերումը կոնկրետ անձից:

Հոդված 59. Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը

Այն անձի մահվան դեպքում, որը իրեն երեխայի հայր է ճանաչել, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չի գտնվել, նրա կողմից հայրության ճանաչման փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կանոններով:

Հոդված 60. Երեխայի ծնողների գրանցումը ծնունդների գրանցման գրքում

  1. Ամուսնության մեջ գտնվող հայրն ու մայրը ծնունդների գրանցման գրքում երեխայի ծնողներ են գրանցվում նրանցից ցանկացածի դիմումի հիման վրա:
  2. Եթե ծնողներն իրար հետ ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր մասին գրանցումը կատարվում է մոր դիմումի հիման վրա, իսկ երեխայի հոր մասին գրանցումը՝ երեխայի հոր եւ մոր համատեղ դիմումի հիման վրա, կամ երեխայի հոր դիմումի հիման վրա /սույն Օրենսգրքի 57-րդ հոդված 1-ին կետ/ կամ հայրը գրանցվում է դատարանի վճռի համաձայն:
  3. Ամուսնության մեջ չգտնվող մորից երեխա ծնվելու դեպքում, երբ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ հայրությունը հաստատելու մասին դատարանի վճիռը, ծնունդների գրանցումների գրքում երեխայի հոր ազգանունը գրվում է մոր ազգանունով, երեխայի հոր անունն ու հայրանունը՝ մոր ցուցումով:
Գովազդ