Ինչպե՞ս է կատարվում հայրության և մայրության վիճարկումը. ընտանեկան օրենսգիրք

Հոդված 61. Արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդների կիրառումով ծնված երեխայի ծնողների գրանցումը

  1. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որ գրավոր ձեւով իրենց համաձայնությունն են տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդ, այդ մեթոդների կիրառման շնորհիվ նրանց երեխան ծնվելու դեպքում իրենք երեխայի ծնողներ են գրանցվում ծնունդների գրանցումների գրքում:
  2. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որ գրավոր ձեւով իրենց համաձայնությունն են տվել սաղմի պատվաստում կատարել ուրիշ կնոջ՝ երեխան իր մեջ հասունացնելու նպատակով, կարող են երեխայի ծնողներ գրանցվել միայն երեխա ծնած կնոջ /սուրրոգատ մոր/ համաձայնությամբ:

Հոդված 62. Հայրության /մայրության/ վիճարկումը

  1. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան ծնունդների գրանցման գրքում կատարված ծնողների գրանցումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձի կամ փաստորեն երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, երեխայի պահանջով՝ չափահասության հասնելուց հետո, ինչպես նաեւ երեխայի խնամակալի /հոգաբարձուի/, դատարանով անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի պահանջով:
  2. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա երեխայի հայր գրանցված անձի հայրությունը վիճարկելու մասին պահանջը չի կարող բավարարվել, եթե գրանցելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ նա փաստորեն երեխայի հայրը չի համարվում:
  3. Ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով գրավոր ձեւով համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորում կամ սաղմի պատվաստում, իրավունք չունի հայրությունը վիճարկելիս հենվել այդ հանգամանքների վրա:

Ամուսինները, որոնք համաձայնություն են տվել կատարելու սաղմի պատվաստում ուրիշ կնոջ, ինչպես նաեւ սուրրոգատ մայրը /սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետ/, իրավունք չունեն ծնունդների գրանցումների գրքում ծնողների գրանցում կատարելուց հետո մայրությունը եւ հայրությունը վիճարկելիս հենվել այդ հանգամանքների վրա:

Հոդված 63. Ամուսնության մեջ չգտնվող անձերից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները

Հայրությունը սույն Օրենսգրքի 56-59-րդ հոդվածներով նախատեսված կարգով հաստատելու դեպքում երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

Գովազդ