Ինչպե՞ս է սահմանվում երեխաների որդեգրման կարգը. ընտանեկան օրենսգիրք

Հոդված 112. Որդեգրման ենթակա երեխաները

  1. Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: 

Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը։

  1. Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ պահպանելով սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։
  2. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից։
  3. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու: Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո:

(112-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 113. Երեխային որդեգրելու կարգը

 

  1. Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։

  1. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:

Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

  1. Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի։

Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(113-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

 

Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը

 

  1. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
  2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

 

(114-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 115. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը

 

  1. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը:
  2. Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
  3. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

(115-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 116. Որդեգրելու իրավունք ունեցող անձինք

 

  1. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝

ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.

դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.

զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։

Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

է) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.

ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.

թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:

  1. Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային։
  2. Միևնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին, այն պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 1-ին (բացառությամբ «է» և «ը» կետերի) և 2-րդ մասերով նախատեսված պահանջներն ու որդեգրվող երեխայի շահերը:

 

(116-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 117. Որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը

 

  1. Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի տասնութ տարուց ոչ պակաս։
  2. Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում: 

 

Գովազդ