Sidebar

Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները. ընտանեկան օրենսգիրք

Հոդված 49. Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

  1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։
  2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում։

Հոդված 50. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները

  1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։
  2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

  1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:

 Հոդված 51. Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

  1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։

  1. Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։

Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։

 

 Հոդված 52. Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։

Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

 

Հոդված 53. Ծնողական իրավունքների իրականացումը

  1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

  1. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։
  2. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

 Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

 

  1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:

Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

  1. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։

Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

  1. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
  2. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով։

(54-րդ հոդվածը լրաց. 08.02.11 ՀՕ-46-Ն)