Ովքե՞ր են խնամատար ծնողներն ու ի՞նչ իրավունքներ ունեն նրանք. ընտանեկան օրենսգիրք

 Հոդված 137. Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը 

  1. Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է:

Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ), համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք: 

Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, ովքեր ցանկանում են դաստիարակության նպատակով երեխաներին վերցնել իրենց ընտանիք) միջև:

  1. Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։
  3. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի (երեխաների) ապրուստի, դաստիարակության և կրթության պայմանները, խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները, խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի դադարման հիմքերն ու հետևանքները։

Հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառների (հիվանդություն, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխում, երեխայի (երեխաների) հետ փոխըմբռնման բացակայություն, երեխաների միջև բախումներ և այլն) առկայության դեպքում, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխային (երեխաներին) պահելու, դաստիարակելու և կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային (երեխաներին) ծնողներին վերադարձնելու կամ երեխային (երեխաներին) որդեգրելու դեպքերում։

(137-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 138. Խնամատար ծնողները

 

  1. Խնամատար ծնողներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները, բացառությամբ՝

ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

բ) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական սահմանափակ իրավունքներով անձանց.

դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.

զ) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ.

է) (կետն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-144-Ն)

ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.

թ) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

  1. Խնամատար ծնողների ընտրությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  2. Խնամատար ծնողները դաստիարակության հանձնված երեխայի (երեխաների) նկատմամբ ձեռք են բերում խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներ ու պարտականություններ։

(138-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 139. Խնամատար ընտանիքում դաստիարակության հանձնված երեխան (երեխաները)

 

  1. Խնամատար ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող) երեխան (երեխաները)։

Խնամատար ընտանիքին դաստիարակության չեն կարող հանձնվել սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխաները, եթե խնամատար ընտանիքը հակառակը չի պնդում:

  1. Խնամատար ընտանիքին հանձնելու համար երեխայի (երեխաների) նախնական ընտրությունն իրականացնում են երեխային (երեխաներին) դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձինք՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությամբ։

Արգելվում է եղբայրներին ու քույրերին առանձին խնամատար ընտանիքներ հանձնելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա բխում է նրանց շահերից։

  1. Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիք հանձնելն իրականացվում է՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
  2. Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի նկատմամբ իրավունքը, ինչպես նաև բնակելի տարածության սեփականության, օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։

Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) ձեռք է բերում նաև սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։

  1. Խնամատար ընտանիքին դաստիարակության հանձնված երեխայի որդեգրումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:

(139-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 140. Խնամատար ընտանիք հանձնված երեխային (երեխաներին) պահելը

 

  1. Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվում են դրամական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու չափով։

Յուրաքանչյուր երեխայի պահելու, ինչպես նաև խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության համար տրվող դրամական միջոցների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

  1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատար ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի (երեխաների) կյանքի ու դաստիարակության համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնել խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։

(140-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-144-Ն)

 

Գովազդ