Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը. ընտանեկան օրենսգիրք

Հոդված 138. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը

  1. Երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ ճանաչելու, ծնողների հիվանդության, ծնողների տեւական բացակայության, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, այդ թվում՝ դաստիարակչական հաստատություններից, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ հաստատություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողնեի հրաժարվելու դեպքում, ինչպես նաեւ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների վրա:

Խնամակալության ու հոգաբարձության մարմինները հայտնաբերում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին, վարում նման երեխաների հաշվառում, եւ, ելնելով ծնողների խնամքից զրկվելու կոնկրետ հանգամանքներից, ընտրում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին տեղավորելու ձեւերը /սույն Օրենսգրքի 142-րդ հոդված/, ինչպես նաեւ վերահսկողություն են իրականացնում նրանց խնամքի, դաստիարակության եւ կրթության պայմանների վրա:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից բացի այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման եւ տեղավորման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում: Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

  1. Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ համարվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման ու առանց ծնողների խնամքի մնացած երեխաների նկատմամբ խնամակալություն ու հոգաբարձություն իրականացնելու գործունեության հարցերը որոշվում են նշված մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, տեղական ինքնակառավարման մասին օրենքին եւ այլ օրենքներին համապատասխան:

Հոդված 139. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների հայտնաբերումն ու հաշվառումը

  1. Նախադպրոցական կրթական, հանրակրթական, բուժական եւ այլ հաստատությունների պաշտոնատար անձինք եւ այլ քաղաքացիները, որոնք տեղեկություններ ունեն սույն Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետում նշված երեխաների մասին, պարտավոր են այդ մասին հաղորդել խնամակալության ու հոգաբարձության մարմիններին` ըստ երեխաների փաստացի գտնվելու վայրի:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն եւ նրա ծնողների կամ նրա ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը նախքան նրա տեղավորման մասին հարցի լուծումը:

  1. Դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ համանման այլ հաստատությունների ղեկավարները, որոնցում գտնվում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաները, պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է դաստիարակության համար ընտանիք հանձնվել, յոթ օրվա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության ու հոգաբարձության մարմնին` ըստ տվյալ հաստատության գտնվելու վայրի:
  2. Խնամակալության ու հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում ապահովում է երեխայի տեղավորումը /սույն Օրենսգրքի 140-րդ հոդված/, իսկ երեխայի դաստիարակության համար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում նման երեխայի մասին տեղեկություններն ուղարկում է մարզի համապատասխան մարմին` նման երեխաների հաշվառման եւ ընտանիքներում երեխաների դաստիարակության հետագա կազմակերպման նպատակով:

Մարզային համապաատասխան մարմինը, երեխաների մասին նման տեղեկությոսւններ ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, կազմակերպում է նման երեխաների տեղավորումն ընտանիքներում` հետագա դաստիարակության համար, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին, որը տանում է նման երեխաների կենտրոնացված հաշվառում:

Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառում կազմակերպելու կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելու համար երեխային թաքցնելուն, սույն հոդվածի 2-րդ կետում նշված հաստատությունների ղեկավարները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 140. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների տեղավորումը

  1. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման ընտանիքին /որդեգրման /դստերագրման/, խնամակլության /հոգաբարձության/ կամ խնամատարական ընտանիքին/, իսկ նման հնարավորությունը բացակայելիս` հանձնվում են որբ երեխաների կամ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների բոլոր տիպի հաստատություններ /դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ համանման այլ հաստատություններ/:

Երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնի ու մշակույթի պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները:

  1. Նախքան առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին դաստիարակության համար ընտանիքում կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված հաստատություններում տեղավորելը երեխաների խնամակալի /հոգաբարձուի/ պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա:

 

Գովազդ