Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե  ծնողը և երեխան հաշվառված են ՀՀ-ում  բնակության վայրի հասցեով: 

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

 

Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը 

Ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար տարածքային կենտրոն պետք է ներկայացնի՝

  • դիմում (ձևաթուղթը տրվում է տեղում)
  • ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթեր, 


Դիմումը կարելի է ներկայացնել նաև առցանց` e-pension. am կայքէջի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին:

 

Խնամքի նպաստը նշանակվում է՝

 

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

2)դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո:

3)Մեկից ավելի գործատուների մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է այն ամսվա 1-ից, երբ անձը խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:

4)Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակվում է այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5) Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ  խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

6) Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:

 

Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

 

Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակն ընտրելու պարագայում  խնամքի նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին է փոխանցվում, իսկ կանխիկ եղանակն ընտրելու պարագայում գումարը տրամադրվում է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին: Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

 

Ուշադրություն։ Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում: 

  

Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝ 

  • երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում,
  • երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն (մանկատուն) ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում,
  • ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը դադարելու դեպքում,
  • խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում,
  • ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ այլ գործատուի մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու) դեպքում,
  •  երեխայի և/կամ ծնողի՝ ՀՀ-ից 6 ամիս անընդմեջ և ավելի ժամկետով բացակայելու դեպքում,
  • ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում,
  • ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, կամ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ է, ապա Հայաստանում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում,
  • երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:

 

 

 

 

 

Գովազդ