Ընդունվել է որոշում, որով փոփոխության է ենթարկվելու երեխաների՝ խնամատար ընտանիքներում բնակվելու կարգը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:

Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման՝ կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը:

Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ: Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել՝ ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների:

Արդյունքում՝ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի, դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

 

Գովազդ