Որքա՞ն է կազմում յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ո՞վ և ի՞նչ ընթացակարգով կարող է այն ստանալ․ օրենքի լրացումները

2014 թվականի հունվարի 1-ից սկսված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: 2014-ից ի վեր օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ներկայացնում ենք ստորև՝ 

Այս պահի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը հետևյալն են՝

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ 50 հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150 հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1  միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Երեխայի ծնվելուց հետո նպաստը կարող է ստանալ ինչպես ծնողը, այնպես էլ ընտանիքի այլ անդամ՝ սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա, սակայն ոչ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողի դեպքում։

Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի վճարվում նաև այն դեպքում, երբ երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը (ԶԱԳՍ):

Բացառություն են նաև այն դեպքերը, երբ նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Նշենք, որ պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22-րդ լրացած շաբաթից (154-րդ օրից), երբ պտղի քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո: 

Գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով:

Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տրամադրած, նոտարի կողմից վավերացրած լիազորագիրը: Այս դեպքում նպաստը հնարավոր է փոխանցվի լիազորված անձի բանկային հաշվին։

 

Հեղինակ՝ Եվգենյա Համբարձումյան

Գովազդ