Ովքե՞ր կարող են դիմել «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրին, ի՞նչ ընթացակարգ է գործում, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ. պարզաբանում է Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ 2018 թվականի հուլիսի 7-ից մեկնարկել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը:

Ծրագրի ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի մասնագետ Արևիկ Ստեփանյանի հետ:

 

-Ի՞նչ է առաջարկում ծրագիրն ընտանիքիներին:

-Ծրագրի նպատակն է օգնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերին վերադառնալ աշխատանքի: Ծրագրի շրջանակում նրանց տրամադրվում է երեխայի խնամքը կազմակերպելու համար նախատեսված աջակցություն:

 

-Ո՞վ և ե՞րբ կարող է դիմել ծրագրին: Ներկայացրեք, խնդրում եմ, ընթացակարգը:

-Ծրագրի շահառուներ են համարվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք, որոնք ծրագրում ընդգրկվելու նպատակով հաշվառվել են փաստացի բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնում: Ի դեպ, ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք աշխատանքի են վերադառնալու ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո միայն:

 

-Ո՞ր գերատեսչություն պետք է դիմեն շահառուները:

-Ծրագրում ընդգրկվելու համար անձը պետք է դիմի և հաշվառվի իր փաստացի բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնում:

 

-Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի դիմողը:

- Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը հաշվառման նպատակով պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ, կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում), աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող փաստաթուղթ: Վերջինս պետք է վերցնել տվյալ կազմակերպության համապատասխան մասնագետից:

 

- Ո՞րն է պատճառը, որ շահառուներից շատերը չեն ներգրավվում ծրագրում:

- Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց՝

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը,
  • ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են,
  • ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա,
  • ովքեր ունեն երեք և ավելի երեխա,
  • ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:

Վերոնշյալ պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

 

- Ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի դայակը:

- Ծրագիրը նախատեսում է միայն մեկ սահմանափակում երեխայի խնամքն իրականացնող անձի` դայակի նկատմամբ. վերջինս չպետք է հաշվառված լինի շահառուի բնակության վայրում: Դայակը կարող է լինել ընտանիքի անդամ կամ ազգական, բայց պետք է պահպանի ծրագրի ընթացակարգով սահմանված պահանջը:

 

- Կնքվու՞մ է, արդյոք, պայմանագիր:

- Հաշվառվելուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնը անձի հետ կնքում է աջակցության տրամադրման երկկողմ պայմանագիր, իսկ ծրագրի շահառուն երեխայի խնամքն իրականացնող անձի՝ դայակի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

- Ինչպե՞ս է կատարվում դրամական փոխհատուցումը:

- Շահառուի բանկային հաշվին ամեն ամիս փոխանցվում է ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված 50 %-ի չափով գումարը: Ծրագրի ընթացակարգը սահմանում է նաև դայակի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում եկամտային հարկի վճարում:

 

-Նույն շահառուն քանի՞ անգամ կարող է դիմել ծրագրին, եթե ունենում է 1-ից ավելի երեխա:

- Նույն շահառուի կողմից ծրագրում մեկից ավելի անգամ ընդգրկվելու հավանականությունը դիտարկում է զբաղվածության տարածքային կենտրոնը՝ հիմք ընդունելով ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունները:

 

Նշենք նաև, որ այս ծրագրի ընթացակարգը չի ենթադրում տարիքային սահմանափակում: Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 2018 թվականին ծրագրում ընդգրկվել է 474 անձ, իսկ  2019 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուների թիվը  հասնում է 372-ի:

 

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

 

Գովազդ