Այսօր Հայաստանի Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է

Փոքրիկիս հայրենիքը

Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում 1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց  երկրի Մայր օրենքը:

2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով` Մայր օրենքում փոփոխություններ կատարվեցին: Սահմանադրության մեջ վերջին փոփոխությունները կատարվել են 2015 թվականին՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյուքներով: Քվերակությամբ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: 

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Այսօր նաև ՀՀ պետական խորհրդանիշների օրն է:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են.

 

  • Հայաստանի դրոշը,
  • Հայաստանի զինանշանը
  • Հայաստանի պետական օրհներգը։

 

ՀՀ դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։

 

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը, բերքը։

 

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում՝ Արտաշեսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։

Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ 

Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորությունների զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներքևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ 

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է: Խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է («Իտալացի աղջկա երգը»): Որպես օրհներգ՝ այն մշակել է Բարսեղ Կանաչյանը: 

Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային է: