Sidebar

«Ինչպիսի՞ն պետք է լինի 9 ամսական երեխայի օրվա ռեժիմը»․ պատասխանում է մասնագետը

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ: Աղջիկս դառնում է 9 ամսական: Արդյոք նորմա՞լ է նրա համար սահմանված այս ռեժիմը` առավոտյան արթնացում 08:00-09:00, որից հետո ուտում է, խաղում և ցերեկային քուն մտնում 12:30-13:00-ին, մեկ ժամ անց արթնանում է, կրկին խաղում, ուտում, խաղում ու քնում 17:30-18:00-ին, նորից մեկ ժամ քնելուց հետո արթնանում է, խաղում, զբոսանքի ենք տանում, ուտում է, խաղում և գիշերային քուն մտնում 23:30-ին:

Պատասխան՝ 9 ամսականում երեխան իսկապես երկու ցերեկային քուն ունի, բայց շատ ավելի օպտիմալ է դրանք առավել վաղ կազմակերպել` 08:00-ին արթնացում, 11:15-11:30 առաջին ցերեկայինը, 15:30-16:00 երկրորդ ցերեկայինը, որպեսզի գիշերային քունը շատ չուշանա ու ընկնի 20:30-21:00-ի միջակայքում: Արդյունքում երեխան կունենա 2․5-3․5 ժամանոց ցերեկային քուն (գումարային) և 10․5-12 ժամ գիշերային քուն:

 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Փոքրիկս մեկ տարեկան է: Երբ ուզածը չի կատարվում, սկսում է իր մազերը քաշել կամ հարվածել գլխին: Ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Ցանկալի է սուր արձագանքներ չտալ փոքրիկի այդ վարքին, պարզապես մոտենալ, ձեռքը մեղմորեն բռնել՝ թույլ չտալով մազը քաշի կամ իրեն խփի, ամեն անգամ ասել` «կցավի, անուշս, պուշ արա»: Պետք չէ բարկանալ, ուրախանալ կամ ուղղակի ասել «մի՛ արա», քանի որ դրանք անարդյունավետ եղանակներ են:

 

 

Անուն՝ Դավիթ

Հարց՝ Բարև Ձեզ: Ի՞նչ անել, երբ սերը փոխադարձ չէ, անպատասխան: Ինձ մոտ տարբեր զգացողություններ են, կարծես հիասթափվեմ կյանքից:

Պատասխան՝ Զգացմունքն արտահայտելն իրավիճակը մեղմող և թուլացնող ազդեցություն ունի: Պատմեք, խոսեք զգացմունքի մասին, եթե անգամ այն անպատասխան է: Միևնույն է, այն չի կորցնելու իր արժեքը: Անպատասխան սերը կարող է տրագիկ ֆիլմի պատառիկ հիշեցնել, սակայն կարող է նաև ինքնաճանաչման կարևոր աղբյուր դառնալ: Փորձեք հասկանալ՝ ի՞նչն է ստիպում հիասթափվել: Անպատասխան սե՞րը, թե՞ միայնակության զգացումը կամ ոգևորության անկումը: Ցանկալի է՝ խորհրդակցեք հոգեբանի հետ: