Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 27-րդ խմբաքանակին:
Սաթեն
Հարց: Բարև Ձեզ: Ես ունեմ փոքրիկ: Ծննդաբերելուց հետո առաջին անգամ դաշտանային ցիկլի վերսկսումից (կամ տամպոնների օգտագործումից) հետո զգում եմ քոր հեշտոցի շրջանում, կարծում եմ սնկային հիվանդություն է: Կասեք ի՞նչ քսուք կարելի է օգտագործել, որ վնասակար չլինի կերակրվող երեխայի համար:Պատասխան:
Հարգելի Սաթեն,
Ձեր նկարագրած երևույթները հավանաբար կապված են տամպոնների օգտագործման հետ, սակայն հեռակա կարգով դժվարանում եմ ասել՝ սնկային ծագում ունեն դրանք, թե պատճառները այլ են: Դիմեք Ձեր բժշկին, ներկայացրեք գանգատները, հանձնեք հեշտոցային արտադրության քսուքի անալիզ, որից հետո պարզ կլինի բուժման պլանը:
Մարիամ
Հարց: Առաջին երեխաս ունեցել եմ կեսարյան վիրահատությամբ: Կարո՞ղ եմ հաջորդ երեխան ունենալ ծննդաբերությամբ, որքա՞ն պետք է լինի ինտերվալը:
Պատասխան: Հարգելի Մարիամ,
հղիությունը խորհուրդ է տրվում պլանավորել կեսարյան հատումից 48 ամիս անց: Բնական ճանապարհով ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո հնարավոր է, սակայն հաջող ավարտը կախված է մի քանի գործոններից` ի՞նչ ցուցումներով է կատարվել կեսարյան հատումը, պլանային է եղել այն, թե շտապ, ինչպես է ընթացել հետվիրահատական շրջանը և այլն: Նման ծննդաբերությունը պետք է վարել երրորդ մակարդակի ծննդատան պայմաններում, բարձր որակավորման մասնագետի կողմից: Հաշվի առեք, որ Ձեր երեխայի համար կրկնակի կեսարյան հատումն ավելի անվտանգ ծննդալուծման եղանակ է:
Օֆելյա
Հարց: Ձվազատումից քանի՞ օր հետո կարելի է թեստ անցկացնել:
Պատասխան: Հարգելի Օֆելյա, հղիության ամենազգայուն թեստերը խորհուրդ է տրվում կիրառել դաշտանային ցիկլի 25- 26-րդ օրերից սկսած, երբ դաշտանի ուշացում դեռ չկա: Սակայն թեստերի մեծամասնությունը դրական արդյունք են ցույց տալիս դաշտանի 1-2 օր ուշացման դեպքում:
Էլեն
Հարց: Հարգելի բժիշկ, ինձ մոտ դաշտանը երկու օր ուշացել է, թեստը դրական է: Անտեղյակ լինելով հղիության մասին մոտ չորս բաժակ օղի եմ խմել: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ է այդ չափաբաժինը վնասել պտղին: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Էլեն, ալկոհոլը վնասակար է պտղի համար, նամանավանդ հղիության սկզբնական շրջանում, երբ ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը: Ալկոհոլի օգտագործումը սաղմի ձևավորման փուլում կարող է բերել արատների և մտավոր թերզարգացման:
Շահանե
Հարց: Ես հղիության 2,5 շաբաթականում եմ, ունեմ քիչ քանակությամբ սպիտակուց: Դա վնասակա՞ր է իմ ու երեխայի համար:
Պատասխան: Հարգելի Շահանե, եթե մեզում առկա է սպիտակուց, նախ պետք է վերահանձնել մեզի անալիզը, քանի որ Դուք կարող էիք այն սխալ վերցնել (մեզը խառնված լիներ հեշտոցային արտադրության հետ): Մեզում սպիտակուց հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել նեֆրոլոգին (երիկամային հիվանդություններով զբաղվող բժիշկ):
Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ բժիշկ , խնդրում եմ Ձեզ պատասխանել հետևյալ հարցիս. ես հղի եմ 5 շաբաթական, բայց դեռեւս կոնսուլտացիայի չեմ գնացել: Առաջին հղիությունս է , ունեմ ողնաշարի սկոլիոզ, սակայն ինձ մինչ օրս չի անհանգստացրել. այն ձեռք եմ բերել հասունացման տարիքում: Խնդրում եմ, ասեք՝ նման դեպքեր եղե՞լ են Ձեր պրակտիկայում, ի՞նչ խնդիրներ կարող են լինել ինձ հետ: Նախապես շնորհակալ եմ
Պատասխան: Հարգելի Հասմիկ, իմ մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպել եմ սկոլիոզով տառապող հղիների, վարել եմ նրանց հղիությունը և ծննդաբերությունը: Սկոլիոզ ունեցող հղիների մոտ կարող են լինել ցավեր՝ կապված ողնաշարի ծանրաբեռնման և ճնշման հետ: Հղիությունը պետք է վարել ողնաշարաբանի /վերտևրոլոգի/ կամ վնասվածքաբան-օրթոպեդի հետ համատեղ: Սկոլիոզը ցուցում չէ կեսարյան հատման համար, եթե այն չի համակցվում ողնաշարի այլ փոփոխությունների կամ կոնքի դեֆորմացիայի հետ: Նման դեպքերում ծննդաբերության եղանակը /բնական ուղիներով կամ վիրահատական/ որոշվում է հարակից մասնագետների հետ միասին:
Անի Կարապետյան
Հարց: Բարև Ձեզ: Իմ հարցը հետևյալն է. ես 1 տարի, 2 ամիս ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում, ինձ մոտ առկա էր ուրեոպլազմա, սակայն այն վաղուց բուժվել է: Ինձ նշանակել են ֆոլիկուլյար սոնոգրաֆիա, պետք է հետազոտվեմ: Ասացեք խնդրեմ, եթե պարզվի, որ ինձ մոտ ֆոլիկուլներն ուշ են պայթում, դա կհանգեցի՞ չբերության, և ո՞րն է հետագա քայլը կամ բուժումը: Ի՞նչ դեղորայք կառաջարկեք: Նշեմ նաև, որ ես էլ, ամուսինս էլ ամեն տեսակի անալիզներ հանձնել ենք և ոչ մի խնդիր չենք ունեցել: Կանխավ շնորհակալ եմ
Պատասխան: Հարգելի Անի, չբերության բուժումը չի կատարվում հեռակա կարգով, այսինքն՝ ես իրավասու չեմ նշանակել Ձեզ որևէ դեղորայք: Եթե ֆոլիկուլոմետրիայի արդյունքում պարզվի, որ Ձեզ մոտ չկա ձվազատում, կամ լորձաթաղանթն է բարակ, կամ ձվազատումը ուշ է կատարվում, ապա դա կարող է անպտղության պատճառ լինել: Անգամ եթե ձվազատում կա, սակայն հղիություն չկա, Դուք պետք է դիմեք մարդու վերարտադրողական առողջության որևէ կլինիկա (օրինակ` Շենգավիթ բժշկական կենտրոն), լիարժեք հետազոտվեք: Հնարավոր է՝ կա հավելյալ բուժման կամ որևէ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն:
Արևիկ
Հարց: Բարև Ձեզ: Մի հարց ինձ շատ է անհանգստացնում: Ես ամուսնացած եմ արդեն 3 ամիս, ինձ մոտ նորմալ սեռական հարաբերություններ են տեղի ունենում: Ամուսնությունից հետո առաջին դաշտանը նորմալ է եղել, սակայն երկրորդ ամսում՝ դաշտանից մի շաբաթ առաջ, ունեցա ցավեր, երկու օր ուշացավ, հղիության թեստ արեցի, բայց արդյունքը բացասական էր: Երրորդ օրը դաշտանս սկսվեց, սակայն արյունահոսությունը շատ քիչ է, նույնիսկ երկրորդ օրը գրեթե չէր զգացվում, որ ինձ մոտ դաշտանի օրերն են: Կարո՞ղ եք ասել՝ դա ինչից է: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Արևիկ, ամուսնությունից հետո կնոջ օրգանիզմում տեղի են ունենում որոշակի հորմոնալ փոփոխություններ, որոնց հետևանքով դաշտանային ցիկլը կարող է խանգարվել: Ձեր նկարագրած իրավիճակում հղիության հավանականությունը շատ փոքր է: Դիմեք գինեկոլոգի, բացառեք բորբոքային հիվանդությունները որպես դաշտանային ցիկլի խանգարման ոչ որոշիչ գործոն, կատարեք փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում` հորմոնալ հետազոտություններ: Հիմնվելով այդ հետազոտությունների արդյունքների վրա՝ Ձեր բժիշկը կանի ախտորոշում, կտա համապատասխան խորհուրդներ:
Էլիզա
Հարց: Ձեր թույլտվությամբ մի այսպիսի հարց ունեմ՝ ի՞նչ հաճախականությամբ է կարելի օգտագործել պահպանակ սեռական հարաբերությունների ժամանակ՝ մասնավորապես 2 ամսվա ամուսնացած զույգերի պարագայում:
Պատասխան: Հարգելի Էլիզա, պահպանակի օգտագործման համար սահմանափակումները եզակի են: Դա ալերգիան է լատեքսի նկատմամբ /մեծամասամբ տղամարդկանց մոտ/, սեքսուալ զգացողությունների պակասում, որոշ տղամարդկանց մոտ էրեկցիայի խանգարում: Եթե զույգի մոտ չկան վերը նշված երևույթները, ապա պահպանակը կարող եք օգտագործել յուրաքանչյուր հարաբերության ժամանակ: Հիշեք նաև, որ պահպանակի պատռման դեպքում Դուք կարող եք հղիանալ:
Կարինե
Հարց: Վերջերս հարաբերություն ունենալիս որովայնիս հատվածում սուր ցավեր է զգացվում: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչից կարող է լինել դա:
Պատասխան: Հարգելի Կարինե, հարաբերության ժամանակ ցավեր կարող են լինել ներքին և արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, ուռուցքանման գոյացությունների, էնդոմետրիոզի, ինչպես նաև հոգեբանական խնդիրների դեպքում: Դիմեք գինեկոլոգի, կատարեք անհրաժեշտ հետազոտություններ (հեշտոցային արտազատուկի և պարանոցային լորձի բակտերիոսկոպիկ և մանրէաբանական քննություն, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային (գերձայնային) հետազոտություն և այլն), ինչը կօգնի բժշկին տալ ճիշտ ախտորոշում և համապատասխան խորհուրդներ:
Տաթև
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ ինչ է իրենից ներկայացնում գարդներելա վիրուսը, ինչպե՞ս կարելի է այն բուժել:
Պատասխան: Հարգելի Տաթև, գարդներելեզը հեշտոցային դիսբիոզ է: Հարուցիչը Gardnerella vaginalis-ն է: Հղիության ժամանակ այն կարող է դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ: Գարդներելեզն առանձին չի հանդիսանում անպտղության պատճառ, սակայն կան հարուցիչներ, որոնք համակցված են Gardnerella vaginalis-ի հետ (տարատեսակ միկոպլազմաներ) և այդ համալիրը կարող է առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ: Իսկ այդ հիվանդությունները բերում են անպտղության գործոնների զարգացմանը: Բուժման համար դիմեք բժշկի:
Մանե
Հարց: Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, ինձ մոտ դաշտանային ցիկլը միշտ խախտված է եղել՝ 1 ամիս լինում էր, մի քանի ամիս՝ ոչ: Դիմել եմ մասնագետի, բուժումներ ստացա, սակայն կրկին խախտվեց: Այժմ ամուսնացած եմ, և արդեն 2 ամիս է՝ նորմալ է, սակայն այս անգամ արդեն 4 օր է՝ ուշացել է, չնայած մեջքիս հատվածում ունեմ ցավեր: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ես հղիանալ:
Պատասխան: Հարգելի Մանե, հղիությունը որոշելու համար պետք է կատարել մարդու քորիոնիկ գոնոդոտրոպինը որակական (միզային թեսթ) կամ քանակական (արյան շիճուկում) հայտնաբերման թեսթեր: Հորմոնալ խանգառումները կարող են չհղիանալու պատճառ դառնալ, եթե խաթարում են ձվազատումը, կամ բերում են արգանդի լորձաթաղանթի ախտահարման և այլ փոփոխությունների: Եթե դաշտանի ուշացումը կապված չէ հղիության հետ, ապա կրկին դիմեք գինեկոլոգ-էնդոկրինոլոգի՝ հետազոտման և բուժման համար:
Նազիկ
Հարց: Ինձ մոտ առկա է էրոզիա: Բուժման ընթացքում օգտագործել եմ դեպանտոլ մետրոնիզադոլ (ես և ամուսինս) սեֆտրիոքսին գենֆերոն գեկսիկոն բետադին: Կատարել են նաեւ կրիոթերապիա (ինչը մեկ այլ բժշկի մոտ հետազոտելուց հետո պարզվել է, որ չեն կատարել: Բուժումից հետո էրոզիան դեռ չի անցել: Բջջաբանական հետազոտությունը ցույց է տալիս՝ նմուշի որակը ադեկվատ, ռեակտիվ փոփոխությունները թույլ արտահայտված բորբոքում, ռեգեներացիա (պրոգեսվալ էկտոպրիա): Խնդրում եմ, ասեք՝ ինչ անեմ, վտանգավո՞ր է, արդյոք, եւ կարելի՞ է այդպես հիղիանալ: Նշեմ, որ ամուսնացած եմ, ունեմ երկու տարեկան դուստր:
Պատասխան: Հարգելի Նազիկ, ձեր նկարագրած իրավիճակը չի վկայում որևէ լուրջ վտանգի մասին: Առաջնահերթ է կրկնել արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը (PAP smear): Դուք այն արել եք, սակայն պատասխանը չի համապատասխանում արդի չափանիշների/ դասակարգումների: Եթե PAP smear պատասխանը լինի բացասական, ապա անհանգստանալ, առավել ևս բուժվել պետք չէ, կարող եք հանգիստ հղիանալ: Եթե PAP smear հետազոտության արդյունքում ի հայտ գան որևէ փոփոխություններ, ապա պետք է կատարել կոլպոսկոպիա, անհրաժեշտության դեպքում` պարանոցի ախտահարված հատվածի բիոպսիա, որից հետո մշակել հետագա գործողությունների պլան:
Գայանե
Հարց: 3 կամ 4 տարեկան երեխաների մոտ կուսաթաղանթը բավականաչափ առաձգակա՞ն է և զերծ կմնա՞ կողմնակի վնասվածքներից:
Պատասխան: Հարգելի Գայանե, ինչպիսի՞ կողմնակի վնասվածքների մասին է խոսքը: 3 կամ 4 տարեկան աղջկա արտաքին սեռական օրգանները դեռ լիովին զարգացած չեն: Կուսաթաղանթը վնասվում է սեռական հարաբերության, մեխանիկական վնասվածքի, սուր առարկաների վրա ընկնելիս և այլն: Իմ կարծիքով՝ Դուք պետք է հարցը ձևակերպեք ավելի հստակ և դիմեք մանկական գինեկոլոգի:
Էմիլյա
Հարց: Հարգելի բժիշկ, ես ունեմ մի հարց. գտնվում եմ հղիության 5-րդ ամսում, մեջքս ու կողքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան: Հարգելի Էմիլյա, հղիության 5-րդ ամսում մեջքի և որովայնի ցավերը սովորաբար կապված են լինում սպառնացող վիժման/սպառնացող վաղաժամ ծննդաբերության, երիկամների ախտահարման, աղիքային խնդիրների, մկանային լարվածության հետ, ինչպես նաև 20 շաբաթականից սկսած կնոջ մոտ կարող են լինել կեղծ կծկանքներ (Braxton Hicks contractions): Անհրաժեշտ է դիմել բժշկի, որը կհետազոտի Ձեզ, մանրամասն կպատասխանի Ձեր հարցերին, որևէ ախտաբանություն հայտնաբերելու դեպքում կնշանակի համապատասխան բուժում:
Ինա
Հարց: Բարեւ Ձեզ: Մինչեւ մասնագետին հանդիպել նախ կուզենայի իմանալ՝ հույս կա, թե ոչ: Մենք այսպիսի մի խնդիր ունենք. ամուսինս սպերմոգրամմա է անցել եւ շարժունակությունը 1.09 % է, նորմալ սպերմատոզոիդներճանապարհով՞ը՝ 4%, ես հնարավորություն ունե՞մ արհեստական հղիանալու: Ես 34 տարեկան են, ամուսինս՝ 46:
Պատասխան: Հարգելի Ինա, սերմի որակը չի որոշվում միայն սերմնաբջիջի շարժունակությամբ, կան մի շարք ուրիշ կարևոր ցուցանիշներ: Դիմեք մարդու վերարտադրողական առողջության որևէ կլինիկա (օրինակ` Շենգավիթ բժշկական կենտրոն), լիարժեք հետազոտվեք, հնարավոր է՝ կա անհրաժեշտություն կիրառել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ: Հույսը երբեք մի կորցրեք: Եթե Ձեր նշած խնդիրներից բացի, չհայտնաբերվեն անպտղության ուրիշ պատճառներ, ապա խնդիրը կարող է շատ արագ լուծվել:
Անի
Հարց: Բարև ձեզ, ես մի հարց ունեմ: Ծննդաբերությունիցս անցել է երկու տարի, բայց դեռ դաշտան չեմ ունեցել: Գնացել եմ ստուգման, ասել են, որ դեռ շուտ է բուժման համար: Ոիլտրաձայնային հետազոտությունն էլ ցույց տվեց, որ ձվարաններս լավ չեն գործում, և հորմոնների անալիզ պետք է հանձնեմ: Այս դեպքում երկրորդ հղիություն հնարավո՞ր է և ի՞նչ անալիզներ պետք է հանձնեմ: Կանխավ շնորհակալություն
Պատասխան: Հարգելի Անի, եթե Դուք դեռ կերակրում եք, ապա կա հավանականություն լակտացիոն ամենօռեայի (դաշտանի բացակայություն կերակրման ընթացքում): Եթե Դուք այլևս կրծքով չեք կերակրում, դաշտանադադարը կապված է հորմոնալ խանգարումների հետ: Ձեզ անհրաժեշտ է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, որը կբացահայտի հիվանդության պատճառները, կկատարի համապատասխան հետազոտություններ, կնշանակի բուժում, որից հետո կկարողանաք հղիանալ:
Մարինա
Հարց: Հարգելի բժիշկ, ներքին բորբոքումներն ինչպե՞ս են զգացնել տալիս, եւ մանկական արգանդը ո՞րն է ու ինչպես է դա արտահայտվում:
Պատասխան: Հարգելի Մարինա, այդպես կոչված ներքին բորբոքումների ներքո ենթադրվում են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնց նշաններն են` ցավ որովայնի ստորին հատվածում, առատ, արտասովոր, երբեմն տհաճ հոտով արտադրություն սեռական ուղիներից, դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն: Ինչ վերաբերում է մանկական արգանդ հասկացությանը, դա թերզարգացած /հիպոպլաստիկ/ արգանդի և դրանով պայմանավորված համախտանիշի կենցաղային անվանումն է: Այդ դեպքերում արգանդի չափսերը նորմայից փոքր են, արգանդի մարմին/պարանոց հարաբերությունը՝ 1:2: Դաշտանային ցիկլը կարող է լինել անկանոն, մեծ ընդմիջումներով, արյան քանակը դաշտանի ընթացքում՝ քիչ: Կարող է դառնալ անպտղության պատճառ:
Աննա
Հարց: Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 31 շաբաթականում: Ինձ մոտ հազ և կոկորդի ցավ սկսվեց: Ինձ նշանակեցին ալտեի սիրոպ, ամբրոգեկսալ և մուկատին: Արդեն 5 օր խմում եմ, բայց բաղադրությունը նոր կարդացի և տեսա, որ ցանկալի չէ հղիության ընթացքում այս դեղերը օգտագործել: Խնդրում եմ, պատասխանեք՝ կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա:
Պատասխան: Հարգելի Աննա, ճիշտ կլինի կրկին դիմեք այդ դեղամիջոցները նշանակող բժշկին՝ պտղի վրա նրանց բացասական ազդեցության հավանականությունը պարզաբանելու համար: Իմ փորձից կարող եմ ասել, որ այդ դեղերի 5 օրվա օգտագործումը շատ կարճ ժամանակահատված է՝ նրանց բացասական ազդեցությունը թողնելու համար:
Տաթև
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ: Բազմիցս լսել եմ, որ ասում են՝ երբ նոր ամուսնացած կնոջ ցիկլն անկանոն է դառնում և ուշանում է, ուրեմն հաջորդ ամիս հղիանալու հավանականությունը մեծ է: Ճի՞շտ է, արդյոք, այդ կարծիքը:
Պատասխան: Հարգելի Տաթև, եթե նախքան ամուսնանալը դաշտանային ցիկլն անկանոն է եղել, ապա դա կարող է վկայել որևէ խնդիրի մասին: Նոր ամուսնացած կնոջ մոտ դաշտանային ցիկլը կարող է խանգարվել, քանի որ օրգանիզմում տեղի են ունենում որոշակի հորմոնալ փոփոխություններ: Սակայն չկան հավաստի, գիտականորեն հաստատված տվյալներ այն մասին, թե ցիկլի խանգարումը որքանով է նպաստում հաջորդ ցիկլում հղիանալուն:
Մոնա
Հարց: Խնդրում եմ, ասեք՝ հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործելու համար հարկավո՞ր է այցելել մասնագետի: Եթե ոչ, կասե՞ք՝ ինչու:
Հարգելի Մոնա,
Պատասխան: Հակաբեղմնավորիչ դեղամիջոց օգտագործելուծ առաջ անհրաժեշտ է նախապես դիմել բժշկի: Նման դեղերի հեռակա նշանակումը կարող է բերել բարդությունների: