«Տղաս տնային աշխատանքները կատարելիս նյարդայնացնում է. ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Մարիամ

Հարց: Բարև Ձեզ: Բալիկս երեք տարեկան է, մինչ այդ ես նրանով շատ չեմ զբաղվել, քանի որ մի փոքրիկ ևս ունեմ: Այժմ տեսնելով նրա վարքը` շատ անհանգստացա ու սկսեցի նրանով շատ զբաղվել: Նրա մոտ նկատում եմ ուշադրության պակաս, ցրվածություն, խնդրի դժվար ընկալում, ամաչկոտ է:

Հիմա շատ եմ զբաղվում իր հետ, բայց չեմ տեսնում ցանկալի արդյունքԱրդեն հինգ ամիս է` նրան սովորեցնում եմ «Գայլն ու գառը», բայց նա երկու նախադասություն մինչև վերջ չի կարողանում ասել, հիշեցնում եմ, նոր ասում է: Խնդրում եմ, ինձ մի խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ մեթոդ կիրառեմ: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: 3 տարեկանից սկսած, երեխան արդեն պիտի հաճախի պարտեզ, քոլեջ կամ որևէ խմբակ։ Իմ կարծիքով՝ պարտեզն ավելի ճիշտ ընտրություն կլինի։ Երեխայի ուսուցմամբ պետք է զբաղվեն մասնագետները: Նրանք ավելի լավ են տիրապետում ուսուցման մեթոդիկային և կօգնեն երեխային զարգանալ իր տարիքին համապատասխան։ Եթե պարզվի, որ երեխան զարգացման որոշ խնդիրներ ունի, դրանք ևս պարտեզում շատ արագ կբացահայտվեն, և դուք հնարավորություն կունենաք դրանց արագ արձագանքելու։ Ուսուցման և վաղ զարգացման մեթոդներն անթիվ-անհամար են, և այս պահին դժվար է ասել, թե որը ձեր երեխայի դեպքում արդյունավետ կլինի։ Մի բան հստակ է, որ այս տարիքի երեխայի համար անչափ կարևոր է համակողմանի և ներդաշնակ զարգացումը, ոչ միայն հիշողության և տրամաբանության, այլև ֆիզիկական ոլորտի, հուզական և իմացական ոլորտների լիարժեք զարգացումը։ Այդ ամենին հասնել տանը փոքր-ինչ դժվար է, ավելի ճիշտ կլինի, որ երեխայի զարգացմամբ այս տարիքից արդեն զբաղվեն կոնկրետ կրթական հաստատությունում։ 

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը 2.5 տարեկան է և ամբողջ օրն ուտում է ձեռքի բութ մատը: Ի՞նչ խորհուրդ կտաք անել՝ այդ վատ սովորությունից ազատվելու համար: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Մատը ծծելը կարող է հանգստանալու և խաղաղվելու միջոց լինել: Իրականում մատը ծծելը, եղունգները կրծելը վատ սովորություններ չեն, այլ տագնապը նվազեցնելու միջոց, որի դեմ կարելի է պայքարել հոգեբանական աշխատանքի միջոցով։ Կոնկրետ ձեր երեխայի դեպքում պետք է հասկանալ` ինչն է երեխայի մոտ տագնապ և անհանգստություն առաջացնում և դրանք բացառել, որի արդյունքում մատը ծծելը ևս կանցնի։

 

Անի

Հարց: Բարև Ձեզ: Տղաս շուտով կդառնա 3 տարեկան, բայց միայն միավանկ բառեր է ասում ու ոչ այնքան պարզ: Արդեն անհանգստանալու կարիք կա՞: Ասեմ, որ նա ունի 4.5 տարեկան մեծ եղբայր, որը շատ պարզ է խոսում և շուտ էլ խոսել է:

Պատասխան: Կարծում եմ՝ լոգոպեդի խորհրդատվության կարիք կա։ Դրանից հետո պարզ կլինի՝ բացի խոսքից այլ խնդիրներ կա՞ն, թե ոչ։ Այդ տարիքում երեխան արդեն պիտի պարզ և հստակ խոսի, նախադասություններ կազմի, արտահայտի իր մտքերն ու արագ ավելացնի իր բառապաշարը։

 

 

 Անի

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ` օգնեք ինձ: Տղաս շուտով կլինի 11 տարեկան, բայց, կարծես, մի տեսակ հեռու լինի ինձանից: Ասեմ, որ անունով էր դիմում ինձ, նոր է սկսել «մամա» ասել: Երբ ստիպեցի ասել «մամա», այդ ժամանակվանից մի տեսակ խուսափում է ինձ դիմել: Հենց դասերը պետք է անիպահի տակ նյարդայնանում է, ինձ պատասխանում է, բայց գերազանց է սովորում: Կասե՞ք` ի՞նչ անեմ: Ծեծում եմ, բացատրում եմ, էլի նույնն է, և ես տանջվում եմ դրանից:

Պատասխան: Ես ուզում եմ, որ դուք ուշադիր ու նորից կարդաք ձեր նամակը. նամակի առաջին մասում դուք արտահայտում եք ձեր մտահոգությունը՝ երեխայի հետ ձեր կապի վերաբերյալ։ Այսինքն, դուք ուզում եք, որ այն ավելի սերտ լինի։ Նամակի երկրորդ մասում, դուք հարցնում եք՝ ծեծեք ձեր երեխային, թե ոչ։ Կարծում եմ՝ ծեծը ոչ մի դեպքում չպիտի լինի ձեր դաստիարակչական մեթոդների շարքում, դա կործանարար ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան և ֆիզիակական առողջության վրա։ Այո, մեր մեծերը, ովքեր մեծացել են նաև այդ մեթոդների ազդեցության ներքո, կարող են պնդել, թե դրանից վնաս չկա և այլն։ Ես՝ որպես մասնագետ, թույլ եմ տալիս իրենց այդ մոլորությունն ունենալ, սակայն հավատալ ինչ-որ անհատների տեսակետերին և չվստահել մարդկության պատմության ընթացքում արված բազմաթիվ հետազոտություններին՝ ես չեմ ուզում։

 

Ինչ անել

Մեծ կարևորություն մի տվեք երեխայի դիմելաձևին, դա չի արտահայտում նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Շատ երեխաներ իրենց ծնողներին դիմում են անունով և դա իրենց հուզական կապի վրա որևէ կերպ չի անդրադառնում։

Փորձեք ձեր վերաբերմունքը փոխել երեխայի նկատմամբ և դառնալ ավելի զգայուն և արձագանքող, վերահսկումը և խստությունը փոխարինեք աջակցությամբ և սատարումով։

Թույլ տվեք երեխային զգալ, որ դուք իր կյանքում ամենասրտացավ և ամենաաջակցող մեկն եք։ Միայն այդ դեպքում կխորանան հուզական կապերն ու մտերմությունը։

Թույլ մի տվեք ծայրահեղ քննադատություն, վիրավորանքներ կամ խիստ վերահսկողություն. դուք ծնող եք, այլ ոչ՝ ոստիկան։

Ժամանակ հատկացրեք երեխայի հետ շփմանը։ Հիշեք՝ խնամքը, դասապատրաստումը և կենցաղային համատեղ գործերի իրականացումը միասին անցկացրած ժամանակ չեն։ Սրան առանձին ժամանակ հատկացրեք։ 

Հարաբերությունները աշխատանք է, որը եթե լավ անեք, պտուղները կվայելեք։